Մեզանից շատերը մասոնականության կամ ազատ որմնադրության (ֆրանսերեն՝ franc-maçonnerie, անգլերեն՝ freemasonry) վերաբերյալ պատկերացում են կազմել հեռուստատեսության, ինտերնետի կամ գեղարվեստական գրականության միջոցով։ Արդյո՞ք այդ պատկերացումները համապատասխանում են իրականությանը։ Ցավոք, հասարակության մեջ տեղ ունեն բանահյուսություններ, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Ավելին՝ աղավաղում են այդ բավականին հին ուսմունքի մասին իրական պատկերացումները։

Պատկերացում առաջին

Մասոնականությունն աղանդ է։ Մասոնական միաբանությունն աղանդների հետ շատ քիչ ընդհանրություններ ունի։ Այն ավելի շատ էզոտերիկ կազմակերպություն է, որի անդամները զբաղվում են հոգեւորի որոնումներով։ Մասոնական օթյակից դուրս նրա անդամների կյանքը ոչ ոքի կողմից չի վերահսկվում։

Պատկերացում երկրորդ

Մասոնների շարքերում են եղել ճանաչված այնպիսի անձինք, ինչպես, օրինակ, Պետրոս Առաջինը կամ Ա. Պուշկինը։ Այդ մասին մենք, հավանաբար, հստակ ոչինչ էլ չենք կարող իմանալ, քանի որ մասոնական օթյակի անդամների կազմի վերաբերյալ տեղեկությունները պահպանվում են օթյակներում ու ենթակա չեն հանրայնացման, այդ իսկ պատճառով մենք կարող ենք միայն ենթադրել, որ այս կամ այն անձը մասոն է։ Ի դեպ, օթյակի անդամներին արգելված է խոսել իրենց աջակիցների մասին։

Պատկերացում երրորդ

Մեզ ղեկավարում են մասոնները։ «Մասոնական դավադրության» մասին շշուկներն ամբողջովին հորինվածք են։
Մասոնական միաբանությունը չի հանդիսանում քաղաքական ուժ եւ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ պետության կառավարման վրա։ Չկան նաեւ հստակ փաստեր կամ ապացույցներ, որ այս կամ այն քաղաքական գործիչը մասոն է։ Ավելին` մասոնական օթյակների ժողովների ժամանակ արգելված է խոսել քաղաքականությունից։

Պատկերացում չորրորդ

Մասոն կարող են դառնալ միայն «ընտրյալները», օրինակ` էլիտայի կամ բոհեմյան օղակների ներկայացուցիչները։ Գործարարները, իրավաբանները, գիտնականները, գրողները կամ նկարիչները։ Մասոնության կարգախոսն է. «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», hետեւաբար, տեսականորեն մասոն կարող է դառնալ ցանկացած մարդ` անկախ վերջինիս սոցիալական կամ մասնագիտական պատկանելիությունից։ Այլ հարց է, որ պետք է պատրաստ լինել վճարելու անդամավճարներ, ինչպես ցանկացած հանրային միությունում։ Անդամավճարներն այստեղ սիմվոլիկ բնույթ չեն կրում, ավելին՝ պետք է պատրաստ լինել հոգեւոր օծում ընդունելուն, այդ պատճառով էլ պետք է ունենալ հոգեւոր զարգացման որոշակի աստիճան։

Պատկերացում հինգերորդ

Մասոնական օթյակին անդամակցելը նպաստում է մասնագիտական կամ ֆինանսական առաջընթացի։ Նման բան չկա։ Մասոնական կազմակերպությունը հանդիսանում է գաղտնի միավորում, ոչ թե հանրային կառույց։ Այստեղ մարդիկ գալիս են բացառապես հոգեւոր զարգացման նպատակով։ Այդ պատճառով էլ անդամակցումը չի տալիս որեւէ սոցիալական կարգավիճակ։ Յուրաքանչյուր անձ, որը ցանկանում է անդամագրվել օթյակին, տալիս է հարցազրույց։ Եթե պարզվում է, որ տվյալ անձը հետապնդում է որեւէ սոցիալական կամ նյութական շահ, նրան անմիջապես մերժում են անդամագրել։ Մասոնական միաբանության գործունեության հիմնական տեսակը բարեգործությունն է։ Արարողակարգի պարտադիր բաղադրիչներից է հանդիսանում այսպես կոչված «կույսի գավաթը»։ Այն պարկ է, որով շրջում են բոլոր անդամների կողքով եւ յուրաքանչյուրն իրավունք ունի կատարելու զոհաբերություն։ Այնուհետև այդ զոհաբերությունները ծառայում են բարեգործական նպատակների։ Մասոնական կարգի անդամները կարող են աջակցել նաեւ փորձանքի մեջ հայտնված իրենց եղբորը։

Պատկերացում վեցերորդ

Մասոններն առանձնացնում են «հատուկ արժանիքներով» մարդկանց եւ վերջիններիս առաջարկում են անդամագրվել օթյակի։ Իրականում անդամագրման ուղղակի քարոզն արգելված է։ Օթյակի անդամը կարող է պարզապես ակնարկել, որ ունի ծանոթ անձինք, որոնք անդամ են հանդիսանում եւ կարող է վերջիններիս ներկայացնել նրա թեկնածությունը եւ ոչ ավելին։ Շատերն ինքնուրույն են գալիս օթյակ։ Օթյակներից շատերն ունեն իրենց սեփական կայքէջերը, եւ ցանկացողները կարող են անդամագրման հայտն առցանց լրացնել։

Պատկերացում յոթերորդ

Կառույցին անդամագրվելիս թեկնածուներն անցնում են բարդ արարողակարգերի միջով։ Անդամագրման կարգին շատերս ծանոթացել ենք Լ. Տոլստոյի «պատերազմ եւ խաղաղություն» վեպի հերոս Պիեր Բեզուխովի մասոնական օթյակին անդամակցելու տեսարանից։ Մեր օրերում անդամագրման արարողակարգը գրեթե անփոփոխ է մնացել։ Այն կրում է զուտ սիմվոլիկ բնույթ։

Պատկերացում ութերորդ

Մասոնական կարգին կարող են անդամակցել բացառապես տղամարդիկ։ Դա այդպես չէ։ Օրինակ՝ Ռուսաստանում գործում են խառը տիպի օթյակներ, որոնց անդամակցում են ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք։ Խնդիրն այն է, որ արարողակարգերը հաճախ ուղեկցվում են զինատեսակների, օրինակ՝ թրերի կիրառմամբ։ Մարդիկ թրերը պարզում են աչքերը կապած անդամակցողի կրծքին՝ կազմելով կիսաշրջան։ Կիսաշրջանը խորհրդանշում է արեւի ճառագայթները։ Սառը զենքին տիրապետելու համար պետք է լավ պատրաստված լինել, այդ իսկ պատճառով էլ երկար ժամանակ կանանց անդամակցելը չէր թույլատրվում։

Պատկերացում իններորդ

Մասոնները ճանաչում են միմյանց հատուկ նշանների միջոցով։ Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց դա ճշմարիտ է։ Մասոնները կարող են բացահայտել միմյանց հատուկ ձեռքսեղման միջոցով։ Կա նաեւ հատուկ բառ, որն օգտագործվում է անդամների կողմից։

Պատկերացում տասներորդ

Մասոններին արգելված է խոսել օթյակի գործունեության մասին։ Սա նույնպես ճշմարիտ է, հակառակ դեպքում միաբանության գոյությունն ընդհանրապես որեւէ իմաստ չէր ունենա։ Ի սկզբանե մասոնական կազմակերպությունը փակ տիպի է եղել, ինչը ենթադրում է, որ վերջինիս անդամների կողմից ընկալված հոգեւոր գիտելիքները չեն բացահայտվում չլուսավորվածների համար, չէ՞ որ այդ գիտելիքներն ընկալելու համար անհրաժեշտ է ունենալ հոգեւոր զարգացման եւ պատրաստվածության որոշակի մակարդակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել