Եթերային յուղը տերպենների, սպիրտների, ալդեհիդների, կետոնների և այլ նյութերի համակցությունն է եթերայուղային բույսերում։ Երկրագնդի վրա գոյություն ունեն մոտ 3000 բուսատեսակներ, որոնցից կարելի է ստանալ եթերային յուղեր։ Եթերային յուղ կարող է պարունակել թե՛ ամբողջական բույսը, թե՛ նրա առանձին մասերը` ցողունը, արմատը, ծաղիկները, ասեղնատերևները, կեղևը և այլն։ Եթերային յուղերը ունեն սուր հոտ, ցնդելու հատկություն, յուղային հետք չեն թողնում, թափանցիկ են, թեթև երանգավորված, ջրի մեջ չեն լուծվում, լույսի և թթվածնի ազդեցության տակ օքսիդանում են։ Եթերային յուղերի մեջ օրգանական և ոչ որգանական միացությունների քանակը հասնում է 120-ից մինչև 500-ի։ Օրինակ` խնկայուղը պարունակում է մոտ 300 բաղադրամաս։

Եթերային յուղի որակը, նրա արդյունավետության մակարդակն ու անվտանգությունը, պայմանավորված են բույսերի աշխարհագրական տեղանքով, քաղելու ճիշտ ընտրված ժամանակով, պատրաստման եղանակով և պահպանման ժամկետով։ Որակյալ եթերային յուղը նստվածք չունի և մաշկը չի գրգռում։ Եթե եթերայուղերը պահեն հերմետիկորեն փակ միջավայրում, մթության մեջ, 0˚C-30˚C ջերմաստիճանի պայմաններում, պիտանելիության ժամկետը մեծ կլինի։ Ընտիր գինիների պես նրբաբույր յուղերը երկար պահպանումից միայն ազնվանում են։ Ներկայումս եթերային յուղ են անվանում նաև տարբեր սինթետիկ փոխարինողներին։

Դիմահարդարման մեջ օգտագործելու դեպքում եթերային յուղերը կարելի է ավելացնել դիմամածուկին (ընդամենը մի քանի կաթիլ), դիմակին, ջրին (դեմքի, մազերի և լոգանքի համար նախապես պատրաստված թույլ աղաջրին հավելել 5-6 կաթիլ եթերային յուղ)։ Հարդարանքի հեղուկ պատրաստելու համար պետք է պահպանել հետևյալ հարաբերակցությունը. 2-4 կաթիլ եթերային յուղ և 40-50մլ 5% սպիրտային լուծույթ։

Յուղերն օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների բուժման նպատակով։ Տաք և սառը ինհալացիայի դեպքում 3-5 կաթիլ յուղը կաթեցնում են ջրով լցված հախճապակե թեյնիկի մեջ ու շնչում մոտ 10 րոպե։ Ինհալացիան կարելի է կրկնել օրը մի քանի անգամ։

Ներքին օգտագործման համար 1-2 կաթիլ եթերային յուղն ավելացնում են շաքարի վրա, թեյին, ջրին կամ մեղրին։ Չնոսրացրած յուղերը ներքին oգտագործման համար կիրառելի չեն։ Ականջի և քթի մեջ կաթեցնելու համար 1 կաթիլ եթերային յուղը լուծում են 4-5 կաթիլ ձիթապտղի կամ արևածաղկի յուղի մեջ։ Տաքացնող կոմպրեսի համար 10 մլ սպիրտային լուծույթին ավելացնում են 5 կաթիլ յուղ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել