«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում այսօր տեղի ունեցավ «Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը՝ եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի շնորհանդեսը:
Նշնեք, որ այս ծրագրի տևողությունը 12 ամիս է և այն նախատեսվում է ավարտին հասցնել 2014 թ. մայիսի 1-ին, բյուջեն կազմում է 300․000 եվրո:
Ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ծրագրի նպատակն է աջակցել քրեակատարողական հիմնարկների բարելավմանը, այդ իսկ պատճառով մեծ ուշադրություն է դարձվելու «խափանման միջոցը որպես կալանք ընտրելուն», և հնարավոր է մինչև մյուս տարի այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն․ «Ուշադրություն է դարձվելու պայմանական վաղաժամկետ արձակմանը, խափանման միջոցը որպես կալանք ընտրելուն, ինչի հետևանքով շատ քրեակատարողական հիմնարկներ այսօր ծանրաբեռնված են, անհրաժեշտ է նաև պայմաններ ստեղծել բանտերից ազատված մարդկանց հասարակությունում վերաինտեգրելու համար»:
Իր հերթին՝ Եվրոպայի խորհրդի Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժինը ներկայացնող Տանյա Ռակուշիչ-Հաջինը կարևորեց ծրագրի իրականացումը և նշեց, որ հատկապես անչափահասների համար պետք է սահմանել ավելի մեղմ պատիժ և ազատազրկման դատապարտել ամենածայրահեղ դեպքերում.« Ազատազրկվածների մեծ մասը հանցագործություն են կատարել սոցիալական, պատճառներով: Պետք է համաձայնել, որ այս մարդկանց աջակցելու ավելի լավ տարբերակներ կան, քան նրանց բանտերում պահելը: Բանտերը պետք է մնան ավելի լուրջ հանցագործների համար»:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը նշեց, որ քաղաքացիական հասարակություն ունեցող յուրաքանչյուր երկրի համար կարևոր է ունենալ քրեակատարողական հիմնարկներ և այն պայմանները, որոնցում կալանավորները պետք է կրեն իրենց պատիժը պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին: Նա նաև հավելեց, որ անհրաժեշտ է որոշ դեպքերում անցնել վաղաժամկետ ազատման և կիրառել «մասնավոր բանտեր» հասկացությունը:
Քննարկմանը ելույթ ուենցավ նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը, ով իր խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ այս ծրագրի իրականացումը համընկել է Հայաստանի կողմից ԵԽԽՎ արտգործնախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու հետ: Նա ևս նշեց, որ անհրաժեշտ է մշակել նոր պատժամիջոցներ, որոնք կլինեն շատ ավելի մեղմ, քան նախկինները. «Այս ծրագրի արդյունքները կնպաստեն Հայաստանում քրեակատարողական համակարգի բարեփոխումներին, դրանց կավելացվեն այլընտրանքային պատժամիջոցները»:



