«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Սիրիայում ծավալվող դեպքերի մասին: Բանախոսի մեկնաբանությամբ` դժվար է հստակ ժամկետ ասել, թե երբ կավարտվի պատերազմը, որովհետև ինչպես զինյալների, այնպես էլ կառավարական ուժերի թիկունքում հզոր երկրներ են կանգնած: Կառավարական զորքերին աջակցում են Իրանը, Ռուսաստանը, մասամբ` Չինաստանը, իսկ զինյալ ապստամբների կողքին է արևմտյան աշխարհը` հատկապես ԱՄՆ-ը:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այս հակամարտությունը ԱՄՆ-Իրան, Իսրայել-Իրան հակամարտության շարունակությունն է և արաբական աշխարհի կազմալուծումը, սակայն Սիրիայում ապստամբներն ավելի դաժան են, քան, ասենք, Եգիպտոսում կամ Աֆղանստանում:

Մայիսին ֆրանսիական հետախուզությունը զեկույց էր պատրաստել, համաձայն որի՝ Սիրիայում ավելի դաժան սպանություններ են կատարվում, քան Աֆղանստանում. «Սարսափելի դաժան միջոցներով են պայքարում, էդ մարդկանցից որևէ լավ բան սպասել չի կարելի: Հատկապես շիաների, քրիստոնյաների հանդեպ են այդ դաժանությունները կիրառում»:

Նա նշեց, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ հայտարարված զոհերի և փախստականների թիվը շատ ավելին է, իսկ ըստ միջազգային տվյալների` սիրիական պատերազմի ընթացքում զոհվել է 1.5 մլն մարդ, 4.5 մլն-ը դարձել է փախստական: 

Գագիկ Հարությունյանն ասաց նաև, որ վերջին շրջանում ադրբեջանցիները ևս ակտիվորեն մասնակցում են զինյալների պայքարին. «Մոտ 300 զինյալ ադրբեջանցի կա Սիրիայում, Թուրքիան նույնպես աջակցություն է ցուցաբերում, և դա հաստատ չի կատարվում առանց այդ իշխանությունների իմացության»: 

Բանախոսը ցավով հայտնեց, որ Սիրիայում ոչնչանում է մի մեծ հայկական համայնք, որը մեր արևմտահայ քաղաքակրթության կրողն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել