Armdaily.am-ը գրում է․

Ոստիկանությունը կիրականացնի անհրաժեշտ աշխատանքներ թե նախկին, թե ներկա հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացառելու եւ բացահայտելու համար: Այս մասին այսօր` սեպտեմբերի 20-ին, ՀՀ նախագահական նստավայրում պաշտոնական պարգեւատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանն` անդրադառնալով վարչապետի հետ այսօր ավելի վաղ ունեցած քննարկմանը:

«Նոր շունչ է տրվելու կոռուպցիայի դեմ պայքարին, մոտ ապագայում այդ շունչը զգացնել կտա: Որեւէ դեպքում կոմպրոմիսի չեմ գնա»,- ասաց նա` նշելով, որ փորձելու է հասնել ավելի լավ արդյունքների, քան իր նախորդները:

Ոստիկանապետի պաշտոնակատարը չցանկացավ պատասխանել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկության պատճառների մասին հարցին, ասելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում տարվել է կոռուպցիայի դեմ պայքար, ինչը ինքը շարունակելու է. «Անընդհատ այդ հանցավոր երեւույթի դեմ պետք է պայքարել, եթե արմատախիլ արվի միայն համակարգված կոռուպցիան, դա չի ընկալվի որպես ամբողջական մոտեցում: Կոմպլեքս լուծումներ պիտի տրվեն` թե օրենսդրական, թե` աշխատանքային»:

Ամուլսարի հանքի շահագործման դեմ ընթացող բողոքի ակցիաները ոստիկանության կողմից ճնշելու վերաբերյալ հարցին Արման Սարգսյանը հստակ պատասխան չտվեց` կարծիք հայտնվելով, որ ընդհանուր լուծումներ կտրվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել