Armenpress.am-ը գրում է․

Մերձավորարևելյան տարածաշրջանը բուռն զարգացումների նոր փուլ է մտել, և այս համատեքստում բավական կարևոր է դիտարկել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա տեղի ունեցած հարձակման ազդեցությունը տարածաշրջանում տիրող իրավիճակի, այնպես էլ Իրան-ԱՄՆ հարաբերությունների վրա:

Նախ, վերջին շաբաթներին ակտիվորեն քննարկվում էր այն հարցը, որ Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածության որոշակի մեղմացում է արձանագրվել, ինչը հնարավորություն է ստեղծում սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում երկու երկրների նախագահների հանդիպման համար: Եվ թվում էր, թե կողմերի համար սա լավ հնարավորություն է լարված իրավիճակը մեղմելու համար, հետևաբար, Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումը և իրավիճակի հերթական սրումն ամենևին ձեռնտու չէ Իրանին: Սակայն, իրականում իրավիճակը մի փոքր այլ է:

Նշենք, որ որքան էլ տարօրինակ է, հարձակման իրականացման վայրը դեռևս հստակեցված չէ: Չնայած ԱՄՆ մեղադրանքներին՝ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ որևէ մասնակցություն չի ունեցել հարձակմանը. Դրա պատասխանատվությունը ստանձնել է Եմենի հութիական խմբավորումը, որին Իրանը բացահայտ օժանդակություն է ցուցաբերում: Բացի այդ, արաբական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ բավական մեծ է նաև հավանականությունը, որ հարձակումն իրականացվել է Իրաքի տարածքից՝ կրկին Իրանի աջակցությունը ստացող շիական ուժերի կողմից: Ավելին, սաուդական իշխանությունները հայտարարում են, որ հարվածը եղել է հյուսիսից (Եմենը գտնվում է Սաուդյան Արաբիայից հարավ), ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ շատ ավելի մեծ է հարվածի հավանականությունը Իրաքից: Թեև Իրաքի իշխանությունները պաշտոնապես հերքել են այս մեղադրանքները, Իրաքի շիական խմբավորումներից որևէ հերքում չի եղել:

Այս ամենն, իհարկե, ամբողջովին տեղավորվում է Իրան-Սաուդյան Արաբիա տասնամյակներ ձգվող միջնորդավորված պատերազմի (proxy war) տրամաբանության մեջ: Էներգետիկ ռեսուրսներով աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող և սուննիական ու շիական իսլամի խոշորագույն բևեռներ հանդիսացող այս երկու տարածաշրջանային տերությունների մրցակցությունը մերձավորարևելյան աշխարհաքաղաքականության հիմնական գործոններից մեկն է:

Վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած նմանատիպ ավելի փոքր միջադեպերից հետո Իրանը և նրա աջակից ուժերը որոշել են հարվածել Սաուդյան Արաբիայի ամենազգայուն կետին՝ էներգետիկ ռեսուրսներին. Նավթից ստացած եկամուտները կազմում են Սաուդյան Արաբիայի բյուջետային մուտքերի ավելի քան 90%-ը: Սաուդյան Արաբիան, որն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում նավթի պաշարներով, կարևոր մատակակար է հանդիսանում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար:

Այս քայլով Իրանն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների շեմին նպատակ էր հետապնդում ևս մեկ անգամ ապացուցել, որ իր ազդեցությունը տարածաշրջանում չափազանց մեծ է, և ԱՄՆ-ը ստիպված է լինելու հաշվի նստել այդ ազդեցության հետ:

Ընդ որում, Թեհրանը նույն ուժի ցուցադրության քաղաքականությունն է իրականացնում նաև դիվանագիտական հարթությունում. Իրանի արտգործնախարարը, չնայած իր դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներին, վերջին 26 օրում 12 երկիր է այցելել՝ տարածաշրջանային երկրներից (Կատար, Քուվեյթ) մինչև Սկանդինավներ, Չինաստան, Ճապոնիա, Ռուսաստան և այլն: Միայն Չինաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա 5 տարում Իրանի նավթագազային ոլորտում շուրջ 280 միլիարդ ԱՄՆ դոլար ներդրումների մասին: Իրանի արտգործնախարարի՝ արևելքից արևմուտք ձգվող այս շրջայցը Իրանի հերթական քայլն է գոնե քարոզչական մակարդակում ապացուցելու, որ Իրանի դեմ ամերիկյան ճնշումներն իրենց նպատակին չեն ծառայում:

Ինչ վերաբերում է սաուդական ռազմական օբյեկտների վրա հարձակման հետևանքով Իրան-Սաուդյան Արաբիա կամ ավելի լայն ուղղակի ռազմական գործողությունների ծավալման հավանականությանը, ապա այն բավական ցածր է: Կողմերից և ոչ մեկին այս պահին ուղղակի պատերազմ պետք չէ: Ավելի կանխատեսելի է Սաուդյան Արաբիայի կողմից համանման հարվածի հավանականությունը: Ի դեպ, արաբական մի շարք լրատվամիջոցներ արդեն հայտնում են, որ Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանական դիրքերին:

Ամփոփելով վերոնշյալը՝ պետք է ասել, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև միջնորդավորված պատերազմը դեռ շատ երկար է շարունակվելու, ինչից մեծապես տուժելու են հարևան երկրները (Սիրիա, Եմեն, Իրաք, Լիբանան) և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, և իհարկե, շահելու են գերազանցապես արտատարածաշրջանային խաղացողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել