Antifake.am-ը գրում է․
Սեպտեմբերի 10-ին վաղ առավոտից «Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը։
Աշխատակիցների պնդմամբ՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերն ու կատարողականները։
Այս կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով. «Սանիթեք ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր քաղաքապետարանի դիմաց բողոքում էին, որ օգոստոսի աշխատավարձը չեն ստանում, որովհետեւ «քաղաքապետարանը Սանիթեքին փող չի փոխանցել»:
Հայտնում եմ, որ օգոստոս ամսին քաղաքապետարանը Սանիթեքին է փոխանցել 165 միլիոն 340 հազար դրամ: Առաջարկում եմ Սանիթեքի հարգարժան աշխատակիցներին եւ ԶԼՄ-ներին՝ այդ ընկերության տնօրինությունից ճշտել աշխատավարձ չտալու իրական պատճառները»:
Գրառմանը կից՝ խոսնակը ներկայացրել էր նաև տեղեկանք՝ քաղաքապետարանի կողմից «Սանիթեքին» հուլիսի 15-31-ը և օգոստոսի 1-15-ը արված փոխանցումների մասին։
AntiFake.am-ը զրուցել էր «Սանիթեք» ընկերության մամլո խոսնակ Քնարիկ Առաքելյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել էր, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանը փոխանցում է կատարել օգոստոսի 1-15-ը ընկած ժամանակահատվածի համար, իսկ օգոստոսի երկրորդ կեսի համար քաղաքապետարանը որևէ գումար չի փոխանցել։ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օգոստոսի կեսին փոխնացված գումարը ընկերությունը հատկացրել է վառելիք և այլ անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար։
Առաքելյանը նաև տեղեկացրել էր, որ «Սանիթեքի» կողմից օգոստոսի երկրորդ կեսի աշխատանքների համար ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել։ Հենց օգոստոսի երկրորդ կեսին փոխանցվող գումարը «Սանիթեքը» պետք է հատկացներ աշխատավարձային ֆոնդին և վճարեր աշխատակիցների աշխատավարձերը։ Սակայն քաղաքապետարանը օգոստոսի երկրորդ կեսի աշխատանքների համար գումար չի փոխանցել։
AntiFake.am-ը զրուցել էր նաև Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ով մեր այն հարցմանը, թե ինչու տեղեկանքում հրապարակված չէ օգոստոսի 16-31-ը «Սանիթեք» ընկերությանն արված փոխանցումների մասին տեղեկություն, պատասխանել էր, որ հրապարակել է այն, ինչ ձեռքի տակ է ընկել։
Մեր այն հարցին, թե կարող է Կարապետյանը բանավոր տեղեկացնել, թե որքան գումար է փոխանցվել «Սանիթեքին» օգոստոսի երկրորդ կեսի համար, Կարապետյանը նշել էր, որ հարցին կարող են պատասխանել գրավոր հարցման առկայության դեպքում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ