Բրիտանացի ճանապարհորդ եւ վիդեո-բլոգեր Սայմոն Ուիլսոնն ինքնաթիռով գրեթե 50 հազար կիլոմետր է անցել վեց օր, ինը ժամ եւ երեք րոպեում ու տեսել է աշխարհի յոթ հրաշալիք: Այդ մասին հայտնել է The Sun-ը:

Ուղեւորության մեկնելիս նա իր հետ վերցրել էր միայն ոչ մեծ պայուսակ, որում եղել է ներքնահագուստ, երկու մարզաշապիկ, սպորտային տաբատ եւ ֆոտոսարքավորում: Այդ օրերին Սայմոնը միայն երկու անգամ է կարողացել քնել մահճակալին՝ հյուրանոցում եւ քարայրում: Նա փորձել է հանգստանալ է տաքսիների մեջ, ինքնաթիռներում, որտեղ կերել է այն ճաշատեսակները, որոնք առաջարկել են ավիաընկերությունները: Նա Մանչեսթերի օդանավակայանից մեկնել է սեպտեմբերի 15-ին՝ առավոտյան ժամը 4:45-ին՝ տոմս վերցնելով մինչեւ Հռոմ, որպեսզի տեսնի Կոլիզեյը:

Այնտեղ Սայմոնը մնացելէ երկու ժամ, իսկ հետո ինքնաթիռով մեկնել է Եգիպտոս: Հինգ ժամ նա անցկացրել է հյուրանոցում, տաքսի է վերցրել եւ ուղեւորվել՝ դիտելու բուրգերն ու Սֆինքսը: Այնուհետեւ նա մեկնել է Հորդանան, որտեղ 46 եվրոյի դիմաց կարողացել է քնել քարայրում Պետրա մեկնելուց առաջ: Չորրորդ օրը Սայմոնն ուղեւորվել է Հնդկաստան, որտեղ նրան տաքսիով չորսժամյա ուղեւորություն էր սպասում մինչեւ Ագրա քաղաքում գտնվող Թաջ-Մահալ: Այնտեղ ճանապարհորդն անցկացրել է մեկ ժամ, իսկ հետո ինքնաթիռով մեկնել է Պեկին՝ տեսնելու Մեծ Չինական պատը: Վեցերորդ օրը նրան սպասում էր թռիչքը Մեքսիկա՝ այցելելու մայաների Չիչեն-Իցա սրբազան քաղաք: Այնտեղից Սայմոնն ուղեւորվել է Ռիո դե Ժանեյրո, որպեսզի տեսնի Փրկիչ Հիսուսի արձանը, ինչից հետո վերադարձել է Մեծ Բրիտանիա:

«Ես երբեք չէի իմանա, թե հնարավոր է արդյոք նման ճանապարհորդություն կատարել, եթե չփորձեի,- ասել է Սայմոնը:- Չեմ կարողանում հավատել, որ դա ինձ հաջողվել է»:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում գտնվող Քեոփսի բուրգն աշխարհի հին յոթ հրաշալիքներից միակն է, որը պահպանվել է մինչեւ մեր օրերը: Կոլիզեյը, Պետրան, Թաջ-Մահալը, Մեծ Չինական պատը, Չիչեն-Իցան, Փրկիչ Հիսուսի արձանը եւ Պերուում գտնվող Մաչու-Պակչու հին քաղաքն աշխարհի նոր յոթ հրաշալիքների թվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել