«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։
Իջևանում քաղաքապետը հրաժարական էր տվել քրեական հետապնդման հետևանքով, ինչից հետո նշանակվել է քաղաքապետի ԺՊ՝ մինչև արտահերթ ընտրությունները։ Առանձին վերցրած մի քաղաքի տեղական ընտրություններին մեծ կարևորություն չէինք տա, եթե Իջևանում պահպանված չլիներ ներքին դժգոհությունը՝ անտառահատումների թեմայի հետ կապված, ինչպես նաև քաղաքապետի ԺՊ չնշանակվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորը։ Ընդ որում՝ կասկածից վեր է, որ Հայկ Ղալումյանն իշխանության աջակցությամբ ընտրվելու է քաղաքապետ, ինչի հետևանքով Իջևանում լարվածությունն ոչ միայն չի թուլանալու, այլ նաև ավելի շեշտված է դառնալու։
Իջևանի ներքին խնդիրների վրա կենտրոնանալ չենք ուզում, սակայն ուշագրավ է, որ անգամ վարչապետի ծննդավայրում հեղափոխությունից հետո պահպանվում է խնամի-ծանոթ-բարեկամի արատավոր բանաձևը, եթե նույնիսկ Ղալումյանը լավ կառավարիչ է…
Խնդիրն իրականում սկզբունքային է, որովհետև տեղական ընտրություններում խուրդվում են վարչապետի հեղինակությունն ու վարկանիշը, ինչի հետևանքով Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է դառնում այնպիսի խնդիրների լուծման համար, որոնց համար իրավասու են տեղական իշխանությունները, առանձին գերատեսչություններ։
Պատկերավոր ասած՝ երկրում պետք է վերացնել, այսպես կոչված, «հայկոների» ինստիտուտը, երբ մարդիկ տեղական ընտրություններում հաղթանակ են տանում՝ «նստելով» Փաշինյանի բարձր վարկանիշի վրա, թաքնվելով նրա ստվերում։
Նման իրավիճակը հղի է վտանգավոր հետևանքներով։
Նախ՝ վարկաբեկվում է ՏԻՄ ինստիտուտը, որն ամբողջովին դառնում է գործադիր իշխանության կցորդը՝ կորցնելով իր սուվերենությունը։ Մյուս կողմից՝ տեղի է ունենում իշխանության վտանգավոր գերկենտրոնացում, անձնիշխանության ֆորմալացում, երբ երկրում բոլոր խնդիրների պատասխանատուն դառնում է մեկ մարդ, որի վարկանիշից էլ կախված է ներքաղաքական կայունությունը, իշխանության արդյունավետությունը։
Նման իրավիճակներում հասարակությունն աստիճանաբար օտարվում է իշխանության ինստիտուտներից՝ սկզբում հավատալով «բարի թագավորին», հետո փնտրելով նոր «առաքյալների», որոնք պետք է իշխանությունից հեռացնեն «չարացած թագավորին»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: