Խորվաթիան այսօր պաշտոնապես դարձավ Եվրամիության 28-րդ անդամը: Չնայած այս երկրի մուտքը ստվերված է ԵՄ-ում ֆինանսական ճգնաժամով, այնուամենայնիվ սա կարևոր փուլ է այս փոքր երկրի կյանքում, որը անկախացել է ընդամենը 20 տարի առաջ:
Սա ԵՄ երկրների ցուցակում առաջին համալրումն է այն բանից հետո, ինչ քաղաքական հասարակությանը 2007թ.-ին միացան Բուլղարիան և Ռումինիան, հայտնում է РБК-ն:
Այսօր առավոտից Խորվաթիայի ներկայացուցիչները անցնում են ԵՄ տարբեր կառույցներում իրենց պարտականությունների կատարմանը: Եվրախորհրդարանում երկրի ընտրությունները տեղի էին ունեցել այս տարվա ապրիլին:
ԵՄ մտնելու հայտը Խորվաթիան ներկայացրել էր 2003թ.-ին, իսկ 2004-ի ընթացքում ստացել էր թեկնածուի կարգավիճակ: 2006թ.-ին երկրի օրենսդրությունը համապատասխանեցվել էր ԵՄ չափանիշներին, սակայն Սլովենիայի հետ կոնֆլիկտի պատճառով ԵՄ անդամագրվելը հետաձգվել էր: ԵՄ-ին անդամագրվլու մասին համաձայնագիրը Զագրեբն ու Բրյուսելը ստորագրել էին 2011թ.-ի դեկտեմբերի 9-ին: 2012թ.-ի հունվարի հանրաքվեն ցույց էր տվել, որ Խորվաթիայի քաղաքացիների մեծ մասը ցանկանում են, որ երկիրը դառնա ԵՄ անդամ:



