Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվելու, երբ ընդունվի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նոր նախագիծը: Այսպիսին է սպասվող ողբերգության սյուժեն.
Արար համար 1
Բոլորիս քաջածանոթ Պողոսը բանկերից մեկում 3.500 դոլար (1.670.000դրամ) ավանդ ունի: Այդ փողը նրան տվել է Ռուսաստանում աշխատող իր խոպանչի եղբայր Սուքիասը, որ վրան մի քիչ էլ Պողոսն ավելացնի ու մեքենա գնի:
Արար համար 2
Պողոսը տեղյակ չէ, որ իր հարևան Խաչատրյան Սասունի նկատմամբ արդեն մեկ ամիս է, ինչ հարուցված է քրեական գործ… Սասունին կասկածում են գիշերօթիկ դպրոցում 890 հազար դրամի չարաշահման գործում:
Արար համար 3
«Բանկային գաղտնիքի մասին» նոր օրենքով Սասունի գործով քննիչը` Ռուստամ Պիդասյանը, իրավունք է ստացել ստուգելու ոչ միային Սասունի կամ նրա ընտանիքի անդամների բանկային հաշիվները, այլ նաև ցանկացած այլ անձի, ով իր հիմնավոր կասկածով երբևէ առնչվել է կասկածյալ Խաչատրյան Սասունի հետ, այդ թվում՝ նրա շենքի բոլոր հարևանների:
Արար համա 4
Քննիչ Ռուստամ Պիդասյանը պարզում է, որ Սասունի հարևան Պողոսը բանկերից մեկում ունի անհայտ ծագման 3.500 դոլարի (1.670.000դրամ) ավանդ։ Քննիչ Պիդասյանը, համաձայն «Բանկային գաղտնիքի մասին» նոր օրենքի, կալանք է դնում այդ գումարի վրա՝ ունենալով հիմնավոր և վերաբերելի կասկած, որ դա հենց հափշտակված գումարն է, և Պողոսին կանչում է բաժին գումարի ծագման վերաբերյալ բացատրություն գրելու նպատակով։
Արար համար 5
Պողոսը տալիս է գրավոր բացատրություն, որ որպես նվեր 3.500 դոլար (1.670.000դրամ) գումարը ստացել է առձեռն Ռուսաստան խոպան գնացած իր եղբայր Սուքիասից:
Արար համար 6
Քննիչ Ռուստամ Պիդասյանը, ղեկավարվելով ՀՀ գործող «Եկամտահարկի մասին» օրենքով, հարուցում է նոր քրեական գործ Պողոսի նկատմամբ՝ հարկերից խուսափելու դրվագով, և գործը ուղարկվում է ՊԵԿ:
Արար համար 7
ՊԵԿ-ը, գործող օրենսդրության համաձայն, հաշվարկում է տույժեր ու տուգանքներ և չվճարված հարկեր`ընդհանուր 2 մլն դրամի սահմաններում և բռնագանձում է ավանդի գումարն ամբողջությամբ:
Արար համար 8
Հպարտ Պողոսը դառնում է նաև օրինավոր հարկատու քաղաքացի Պողոս, ում մնում է գտնել վճարվելիք գումարի պակասող մասը և ամբողջությամբ կատարել թավշյա իշխանությունների հանդեպ իր պարտավորութնունները:
«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագծի ուղիղ հետևանք հանդիսացող այս տրագիկոմեդիայից եզրակացություն. կա՛մ, քանի ուշ չէ, հանեք ձեր ավանդները բանկերից, որովհետև այս օրենքի ընդունումից հետո այլևս չեք հասցնի այն պարզ պատճառով, որ բանկերը չեն կարողանալու վերադարձնել բոլոր ցանկացողների գումարները, կա՛մ էլ դադարեք լինել Պողոս ու հասկացեք, որ այս իշխանություններն իրենց պողոսահաճո պոպուլիզմով դեռ միայն Պողոսների հաշվին էլ պաշտոնավարում են ու իրենց բարեկեցությունն են ավելացնում, իսկ վաղը դա անելու են արդեն բառիս բուն իմաստով Պողոսների հաշվին։
Վարագույր: