Tert.am-ը գրում է.

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, որ առաջարկություն են ներկայացրել, որ ՀՀ պաշտպանության համար իրենց կյանքը և առողջությունը նվիրաբերած զինծառայողների ընտանիքներին առաջնահերթ օգնություն տրամադրվի: «Առավելևս երբ հայտարարվում է, որ բյուջեն եկամուտների մասով 25 տոկոսով կգերակատարվի:

«Հավաքված գումարը պետք է ճիշտ հասցեատերերին հասնի, և կարծում եմ, որ չի գտնվի գեթ մեկը, որ ասի, որ առաջին հասցեատերը դուք չեք։ Դուք մեր հայրենիքին, մեր պետությանը տվել եք ձեր ամենաթանկ արժեքը՝ ձեր որդիներին, ձեր ամուսիներին։ Այս պարագայում ես կարծում եմ, որ խիստ հրամայական է, դուք բոլորդ պետք է արժևորվեք»,- ասաց նա և հայտնեց, որ կառավարությանը ներկայացրել են առաջարկություն, որ պետք է բոլոր զոհվածների և հաշմանդամների ընտանիքներն այդ աջակցությունն ստանան։

Ասուլիսի մյուս բանախոս «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն (լուսանկարում՝ ձախից երկրորդը) իր հերթին նշեց, որ «Մարտի 1-ի» տուժածներին տրամադրվող աջակցության չափով պետք է աջակցություն տրամադրվի նաև զոհված զինծառայողների մայրերին ու այրիներին։ Նա նշեց, որ մինչ այս ոչ մի անգամ որդեկորույս մայրերը ֆինանսական աջակցության խնդիր չեն բարձրացրել:

«Ինչո՞ւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով, երբ ցույցի ժամանակ 10 հայորդիների զրկեցին կյանքից, կառավարությունը նրանց տրամադրում է 30 միլիոն, իսկ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներն անտեսվում են»,-ասաց նա և նշեց, որ այս հարցով չորս գրություն է ուղարկվել կառավարություն, սակայն բոլորն էլ մնացել են անպատասխան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել