Աղքատությունը միայն տնակներում չէ, որ բնակվում է:  Ինչո՞ւ է շատերին թվում, թե մարդիկ, բորբոսնած ու փթած տնակներից տեղափոխվելով նորակառույց բնակարաններ, դադարեցին գործազուրկ, աղքատ ու հիվանդ լինելուց, չէ՞ որ բնակարանը չլուծեց նրանց բոլոր խնդիրները: Չէ՛, չլուծեց, նրանք պարզապես արտագաղթելու համար գումար ձեռք բերելու հնարավորություն ստացան: Եկեք, նայեք, թե Մուշ թաղամասի նորակառույցներում, որքան բնակարաններ են վաճառվում, այսօր ռադիոկայաններից մեկի լրագրողը ռեպորտաժ է պատրաստելու այդ թեմայով, խնդրել է իրեն օգնել, չգիտեմ, թե ինչպե՞ս արդարացնեմ արտագաղթի ֆոնին տեղի ունեցող քաղաքային բարեկարգումները: Բա՜, այդ մարդիկ պարզապես դարձան բնակարան ունեցող աղքատներ: 

Ես զարմանում եմ գյումրեցու մտածելակերպի վրա, զարմանում եմ նաև երևանցիների մտածելակերպի վրա: Օրինակի համար, ես չտեսա կամ չկարդացի, թե երևանցիները, նվեր ստանալով չինական ավտոբուսները, ապագայի հույսով լցվեցին, կամ քաղաքապետը հայտարարեց, թե վերջ, այսօրվանից նաև վերջ է դրվում աղքատությանը: Երևանցին մնաց նույն երևանցին, միայն թե էս անգամ գազելի մեջ սեղմված երթևեկելու փոխարեն, երթևեկում է` սեղմված լինելով չինական ավտոբուսում:  Իսկ գյումրեցիների համար՝ ասում են, գյումրեցիները հույսով լցվեցին վաղվա օրվա նկատմամբ: Ի՞նչ հիմարություն, կրկնում եմ հի~մա~րու~թյուն: Ի՞նչ է, աշխատատեղերի խնդիրը լուծվե՞ց, թե՞ աղքատությանը վերջ դրվեց: Չինական ավտոբուսը լավ բան է, բայց տիրոջ աչքը լույս, ձրի չէ, գյումրեցին երթևեկելու համար պետք է երևանցու նման վճարի հարյուր դրամ: Էհ, փող չունեցողի համար՝ պպզած է երթևեկել, թե ուղիղ կանգնած՝ նույն հաշիվն է: Չէ, ինձ ճիշտ հասկացեք, խնդրում եմ, իմ վրդովմունքն այն է, որ դուք, գյումրեցու առաջնային խնդիրները թողած, նրան ապուշացնել եք ուզում, գովազդակեր անում, աչքերի առաջ պլպլան բաներ ցույց տալիս, դե արի ու մի ասա՝ կուտ եք տալիս, որ ի՞նչ անեք:

Կլկլան Մուշուրբին արձան կանգնեցրին, մի քանի հիմար ասացին, թե վերջ, Գյումրին այլևս գորշ գույնի չէ, բա այ հիմարներ, Վարդանիկն էլ էր արձաններ դնում, բա ձեր էդ գորշությունը հեչ չէ՞ր գունավորվում: Վարդանիկի օրոք համերգներ չկայի՞ն, կային, բայց ի՞նչ, էդ ամեն համերգից հետո գյումրեցին փողոտո՞ւմ էր: Ասում եք` Բալասանյանը Գյումրու կրիմինալ մթնոլորտը փոխեց՝ լո՞ւրջ: Դուք կամ Գյումրիից խաբար չեք, կամ էլ կրիմինալից ոչինչ չեք հասկանում:  Կրիմինալն այսօր կոստյում և փողկապ է կրում ու ոստիկանի հետ ախպեր է, դրա համար զգույշ եղեք, միգուցե ձեր տեսած կոստյումավորն ու փողկապավորը ոչ թե Եհովայի վկա է կամ դպրոցի ուսուցիչ, այլ հենց էդ կրիմինալի ներկայացուցիչն է: Հասկացեք, Գյումրու գունազարդ լինելը գալիս է ոչ թե քաղաքի գեղեցկությունից, այլ մարդու սոցիալական կացությունից, կուշտ, հագնված, բավարարված լինելուց: Կարելի է բնակվել, օրինակ, Փարիզում ու լինել գործազուրկ և աղքատ: Մի՞թե Փարիզի գեղեցկությունը կշտացնող հատկություն ունի կամ ոչնչից գումար կփոխանցի ձեր հաշվին: Է՜:
ԱՊՀ մշակույթի մայրաքաղաք, ասում եք, թե գյումրեցին դեռ չի հասկանում, թե սրանով ինչ փոխվեց, ես էլ չեմ հասկանում, թեև շատ թե քիչ ինձ արվեստի մարդ եմ համարում, կասե՞ք, օրինակ ի՞նչ: Տասը օր հետո, երբ մշակութային էս թոհուբոհն անցնի, ու ամեն բան իր տեղը վերադառնա, գյումրեցին հարց կտա ձեզ, լավ, բա ձմեռն ինչո՞վ եմ տաքանալու ու ի՞նչ եմ ուտելու: Մի լավ խոսք ուներ մերս, ասում էր «սոված փորին կատու է շալակել»:  
Ինձ պակաս չեն ուրախացնում քաղաքում տեղի ունեցող փոփոխությունները, բայց այ քեզ բան, մի՞թե դա չպետք է բնական զարգացման ընթացք լիներ, ի՞նչ եք աչքս կոխում, թե նոր քաղաքապետը փոփոխություններ արեց, տեսնում եմ, տեսնում ենք ու դեռ կտեսնենք,  բա ի՞նչ պիտի աներ, ով էլ լիներ՝ պիտի աներ: Պարտավոր է անելու և նախկինն էլ էր պարտավոր, բա դրվում են էդ ծառայությանը, որ անեն, թե չէ, էլ ինչո՞ւ են իրենց ընտրում: Այսինքն` ի՞նչ եմ ասում, ի՞նչ ընտրել: Հիմա ի՞նչ է, թաթիկնե՞րը, թե՞ ոտքերը պաչենք: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք մակերեսային դատողություններ անում, ջահելությունը դեռ  մի կողմ, բայց որ մեծահասակներն են այդ կերպ մտածում, դա արդեն մառազմ է:

Գյումրեցու հյուրասեր լինելու մասին շատ եք լսել: Դա այդպես է, ամեն դեպքում նա պիտի պատվով դուրս գա: Կար մի ժամանակ, երբ գյումրեցուն աղքատ չէին ասում, այլ ջոմարդ, իսկ այսօր այլ է: Հյուրը պատվված հեռանում է, իսկ աղքատ գյումրեցին մտածում խանութի նիսյան փակելու մասին: Դա հյուրի խնդիրը չէ, այլ տանտիրոջ, հյուրը գլխի էլ չի ընկնի: Հիմա, ասածս ո՞րն է՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրին այսօր կընդունի, կպատվի ու ճանապարհ կդնի հյուրերին: Միասին կզվարճանանք, կվայելենք տոնական մթնոլորտը, ամեն բան սքանչելի կանցնի, հյուրը ոչ մի նեղություն չի քաշի, գյումրեցին էլ գիշերը՝ ինքնաբավ, գլուխը բարձին կդնի՝ թասիբով արեց ու պատվով տակից դուրս եկավ, իսկ վաղը առավոտյան նա նորից կարթնանա հին տաշտակի մոտ՝ հիասթափված և մտահոգ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել