Ժակ Մերինի մասին բազմաթիվ գրքեր են գրվել և գեղարվեստական ֆիլմեր նկարահանվել։ Ֆրանսիայում նրա կերպարն այսօր ևս հակասական է և ոչ միանշանակ։ Ոմանք Մերինին համարում են հեղափոխական և անարխիստ, որը համակարգին մարտահրավեր է նետել, իսկ մյուսները նրան համարում են Ֆրանսիայի պատմության գլխավոր հափշտակողը, որը 40 մարդու է սպանել։

Ժակ-Ռենե Մերինը ծնվել է 1936 թ. Փարիզի արվարձաններից մեկում։ Նա սովորել է տեղի հեղինակավոր կաթոլիկ դպրոցներից մեկում, որից նրան հեռացրել են, քանի որ կոտրել է ուսուցչի ականջը։ 19 տարեկանում Ժակ Մերինը ամուսնացավ և բանակ գնաց։ Խիզախ և ֆիզիկապես ամուր նորակոչիկին ուղեգրեցին հատուկ նշանակության զորքեր, որի կազմում նա հայտնվեց Ալժիրյան պատերազմում։

1959 թ. Ալժիրյան պատերազմի վետերանը վերադարձավ Ֆրանսիա և ամուսնացավ երկրորդ անգամ։ Նա իր հետ բերեց շքանշաններ, մարդկային կյանքի մասին այլ պատկերացումներ և հրացան։ Երեք ընկերների հետ Մերինը զբաղվում էր ավազակությամբ և 1962 թ. բանկ թալանելու փորձի համար մեկուկես տարով ազատազրկման դատապարտվեց։ Ազատության մեջ հայտնվելուց հետո ծնողներն իրենց վտանգավոր որդուն աշխատանքի տեղավորեցին ճարտարապետական գործակալությունում, սակայն նրա բանդիտային բնավորությունը չնահանջեց։

Իսպանիայի կառավարությունը Մերինին մեղադրեց լրտեսության մեջ, սակայն դա չխանգարեց նրան 1966 թ. Կանարյան կղզիներում ռեստորան հիմնել։ Նա բիզնեսը կարողանում էր համադրել հանցավորության հետ։ Ժնևում Մերինը թալանեց ոսկերչական խանութ, ալպիական Շամոն քաղաքում՝ հյուրանոց, Փարիզում՝ նորաձևության տուն։ 1968 թ. բանդիտը սիրուհու հետ փախավ Կանադա, որտեղ հետախուզման մեջ հայտնվեց։ Նոր հանցակցի՝ Ժան Պոլ Մերսիեի հետ նա փորձեց առևանգել միլիարդատեր Ժորժ Դիսլաուրյեին։

Բանդային բռնեցին ԱՄՆ-ում և արտահանձնեցին Կանադա։ Անազատության մեջ գտնվելու ժամանակ հանցագործները սպանեցին տարեց աղախնին, որի համար հանցակիցները դատապարտվեցին 10 տարվա ազատազրկման։ 1972 թ. հանցակիցները և ևս 5 դատապարտյալներ փախուստի դիմեցին, որից առաջ իրենց ընկերներին խոստացել էին վերադառնալ և նրանց ևս ազատել։

Մոնրեալում բանդան կողոպտեց մի քանի բանկ և 1972 թ. սեպտեմբերի 3-ին կրկին հայտնվեց բանտում։ Մերինն ու Մերսիեն կրկին փախուստի դիմեցին և նրանց նկատմամբ հետախուզում սկսվեց։ Բանդիտներին հաջողվեց խուսափել բռնվելուց և նրանք կրակեցին մի քանի կանադացի ռենջերների վրա։ Կեղծ փաստաթղթերով նրանք և իրենց սիրելիները հասան Վենեսուելա։

Մեկ տարի անց Ժակ Մերինը վերադարձավ Փարիզ։ Մայրաքաղաքային բարերից մեկում նա սպանեց ոստիկանի և ձերբակալվեց։ 1973 թ. մայիսին լեգենդար բանդիտը դատապարտվեց 20 տարի ազատազրկման։ Դատական նիստից առաջ նրա ընկերներից մեկը նրան ատրճանակ փոխանցեց, որով նա գերի վերցրեց դատավորին և, իջնելով պատուհանից, փախուստի դիմեց մոտեցող մեքենայով։ Չորս ամիս անց նրան կրկին ձերբակալեցին, և բանտում նա գրեց «Մահացու բնազդ» խորագրով ինքնակենսագրականը։

Հինգ տարի բանտում գտնվելով՝ նա կրկին փախավ՝ շարունակելով կողոպտել բանկեր, խաղատներ, առևտրի կենտրոններ։ Այդ ժամանակ ոստիկանությունը նրա կողմից գրանցել էր արդեն 39 սպանություն։

Իրական ռումբ դարձավ «Փարի մատչ» ամսագրի հարցազրույցը, որը Մերինը տվեց 1978 թ.։ Թերթի միջոցով նա Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էր խիստ ռեժիմի բոլոր բանտերը փակել և խոստանում էր սպանել ներքին գործերի նախարար Քրիստիան Բոնետին։ 1979 թ. նոյեմբերի 2-ին ֆրանսիական ոստիկանությունը դուրս եկավ բանդիտի հետքի վրա։

Երբ Մերինը և նրա սիրուհին իրենց մեքենայով շրջում էին Փարիզում, նրանց ճանապարհը կտրեց մի բեռնատար։ Մերինն արգելակեց, բեռնատարից դուրս եկան 19 ոստիկաններ, որոնք կրակ բաց թողեցին։ Ոստիկաններից մեկն ապահովության համար կրակեց «պետության թշնամու» գլխին։

Ոստիկանությանը մեղադրում էին այն բանի մեջ, որ նրանք Մերինին շանս չէին տվել հանձնվելու, իսկ վերջիններս պատասխանել էին, որ հանցագործը հատկապես վտանգավոր էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել