Ամերիկացի գիտնականները ջերմաստիճանի տեղային բարձրացում են նկատել Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափին: Մասնագետների խոսքերով՝ նման պայմանները նպաստում են տաք ջրի հսկայական տարածքի առաջացմանը, ինչն աղետալի է ծովային էկոհամակարգերի համար: 2013-ին «կաթիլ» անվանումը ստացած նմանատիպ երևույթը հարյուրմիլիոնավոր կենդանիների անկման հանգեցրեց, հաղորդում է Science Alert-ը։

Հետազոտողների խոսքերով՝ Խաղաղ օվկիանոսում ներկայիս իրավիճակը հիշեցնում է «կաթիլի» ձևավորման վաղ փուլը: Բարձր ջերմաստիճանի ջրերի հայտնվելը ներկայումս տեղի է ունենում նույն տարածքում և ունի նույն չափերը: Ջերմային ալիքն արդեն մի քանի ամիս է, ինչ նկատվում է այն պահից, երբ թուլացան ծովի մակերեսը սառեցնող քամիները: Ջրի ջերմաստիճանը ընդամենը մի քանի աստիճանով է ցածր «կաթիլի» ջրի ջերմաստիճանից:

Ըստ գնահատականների՝ 2013թ.-ին Ալյասկայի հարավային ափերին տաք ջրերի տարածքի ընդլայնման հետևանքով ավելի քան հարյուր միլիոն խաղաղօվկիանոսյան ձողաձուկ և կես միլիոն ծովային թռչուններ անկեցին: Նվազել է նաև կուզավոր կետերի, ծովային առյուծների, սաղմոնի և այլ կենդանիների թվաքանակը: Դրանց անկման պատճառներից է թունավոր ջրիմուռների բազմացումը:

Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ «կաթիլները» և նմանատիպ այլ երևույթները ժամանակի ընթացքում ավելի հաճախակի կդառնան, քանի որ կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով Երկրագնդի օվկիանոսները տաքանում են աննախադեպ տեմպերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել