Ես նոր դիտեցի Փաշինյանի ուղիղ եթերը Ֆեյսբուքի գրառումների հեղեղը կարդալուց հետո: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շատերը կա՛մ ցանկություն չունեն բարդ պրոցեսների մասին մտածելու, կա՛մ ունակություն չունեն:

Ես Փաշինյանի առաջարկ-խնդրանքի մեջ ոչ մի դավադրություն չեմ տեսնում և չեմ տեսնում անվստահության պատճառներ: Բայց ես տեսնում եմ նույն ձեռագիրը, որով նա շարժվել է մինչև հիմա՝ օրենքի տառով, դանդաղ, ջանջալ, զգուշավոր գործողությունների շղթայով շարժվել, որոնք, իմ կարծիքով, ի վերջո տանելու են Ամուլսարի հանքի փակմանը, բայց որոնք մինչև այդ կետը հասնելը քամելու են հասարակության նյարդերը, անտեղի ներքին քաղաքական ռիսկեր ու հնարավոր ցնցումներ են առաջացնելու: Կառավարությունը շեղվելու է երկար բարակ ստուգումների ու նման պրոցեդուրաների մեջ՝ փոխանակ ավելի կարևոր հարցերով զբաղվելու: Ու այս ամենը հանուն նրա, որ այս ագահ հանքակերների նկատմամբ արդար ու օրինական վերաբերվի:

Բոլորիս պետք է համբերություն, բայց միգուցե նաև «Լիդիան»-ն այս երկար-բարակ պրոցեդուրաներից ու գնալով ավելացող ծախսերից ու պարապուրդի կորստից ի վերջո հոգնի ու թքի-հեռանա, ասի՝ դուք էլ, ձեր հանքն էլ...

Ամեն դեպքում, Ամուլսարը չպետք է հանք դառնա, և պայքարը պետք է շարունակվի: Ես հավատում եմ Փաշինյանին, որ նա իր ասածները կկատարի ու ազնիվ է իր խոստումներում, բայց չեմ գտնում, որ նրա նշած ճանապարհը լավագույնն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել