Armtimes.com-ը գրում է․
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, թե ովքեր են շոուբիզնեսի այն ներկայացուցիչները, որոնց ՊԵԿ-ը գրություն էր ուղարկել եկամուտները հայտարարագրելու համար:
Ըստ այդմ՝ Պետական եկամուտների կոմիտեից գրություն ստացած՝ շոու բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն եւ Արման Հովհաննիսյանը: Նրանք այն անձինք են, որոնք 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չեն վճարել եւ ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները:
Հատկանշական է, որ վերը նշված անձանցից մի քանիսը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բազմիցս վստահեցրել էին, որ պատրաստակամ են օրենքի դաշտ մտնել եւ օրինական կերպով հարկեր վճարել:
Մասնավորապես՝ երգչուհիներից Սոնա Շահգելդյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ վաղուց գրանցված է որպես աշխատող եւ հարկեր է վճարում: «Ես աշխատում եմ, ունեմ կոնկրետ վայրեր, որտեղ ամենօրյա միջոցառումների եմ ներկայանում ու գրանցված եմ, ամեն ինչ անում եմ օրինական դաշտում: Տարիներ շարունակ ես իմ հարկերը մուծել եմ»,-ավելի վաղ մեր զրույցում ասել էր Շահգելդյանը:
Երգչուհի Իվետա Մուկուչյանի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ երգչուհին արդեն մի քանի տարի է՝ որպես անհատ ձեռներեց գրանցված հարկային դաշտում եւ օրինական կերպով իր վճարումներն է կատարում: Եկամուտները հայտարարագրելու պատրաստակումություն էր հայտնել նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը:
Հիշեցնենեք, որ սեպտեմբերի 5-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը շոուբիզնեսի ներկայացուցիչների անուններ չէր տվել՝ նշելով միայն, որ եղել են հորդորներ՝ ներկայացնել հայտարարագրերը, մինչդեռ դրանք չստանալուց հետո ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, իսկ եթե այս նամակն էլ մնա անպատասխան, ապա Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ը նախնական հաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին, որոնք էլ կորոշեն, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն: