Factor.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի հետ հանդիպման ժամանակ լսել է ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ վերջիններիս կարծիքները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուքասզյանի միջև հանդիպումը տեղի է ունեցել վերջիններիս նախաձեռնությամբ, որոնք դիմել էին վարչապետին՝ հանդիպման խնդրանքով: Հանդիպման ընթացքում վարչապետը լսել է ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ վերջիններիս կարծիքները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի արտահայտած մտքերին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ այդ մեկնաբանություններում նրանք արտահայտել են իրենց անձնական տեսակետներն ու ընկալումները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Factor.am-ը երեկ գրել էր, որ կառավարությունում փակ հանդիպում է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի միջև:

Հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանը Factor.am-ին ասել էր, որ նախկին իշխանությունների կողմից վտանգներ են տեսնում և քննարկումը եղել է այդ թեմայի շուրջ: «Հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին ենք խոսել: Կարծում եմ՝ կշարունակենք խոսել: Կարևորն այն է, որ մենք ինչ վտանգներ տեսնում ենք, այդ ամենի մասին իրազեկում ենք և իրազեկելու ենք: Հուսով ենք՝ ապագայում այս ուղղությամբ ավելի ինտենսիվ կլինի շփումը»,- ասել էր Սեֆիլյանը:

Հստակեցնող հարցին՝ հատկապես ի՞նչն է մտահոգում իրենց, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել էր. «Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռևանշի: Մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու տեղի ունենա այդ ռևանշը: Մնացած մանրամասների մասին առաջիկայում մենք կհրապարակենք»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել