Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ)  ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին:

Վարչապետը կարևորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող հարցերի շուրջ և նշել, որ Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի լուծումը պետք է հենված լինի Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա, իսկ հետագա քայլերը պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով ծրագրի բոլոր բաղադրիչները համալիր ամբողջության մեջ դիտարկելու կարևորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել