Ankakh.com-ը գրում է․

«Անկախի» խնդրանքով Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող «Արցախը Հայաստանի մարզ է», «Արցախը Հայաստան է» և նման այլ կարգախոսներով հայտարարությունները։

– Պարոն Մանուկյան, վերջերս իշխանությունների, քաղաքական և հասարակության որոշակի շրջանակների կողմից շրջանառության մեջ է դրվել մի օրակարգ, թե Արցախը Հայաստանի մարզ է կամ Արցախը Հայաստան է և այլն։ Ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ ենթատեքստեր է պարունակում։

– Առաջին հայացքից այդ հայտարարությունների մեջ կա հայրենասիրական պոռթկում, բայց իրականում այդ ամենի մեջ թաքնված են շատ բարդ քաղաքական խնդիրներ ու միտումներ։ Եթե հիշում եք, Արցախյան շարժումը սկսվեց ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նիստի որոշումով, որով Արցախը դիմում էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդին, Հայաստանի ու Ադրբեջանի Գերագույն խորհուրդներին՝ Ադբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանի կազմի մեջ մտնելու համար։

Հետագա քաղաքական պայքարը, Արցախյան շարժումը բարձրացնում և փորձում էր լուծել այդ խնդիրը։ Նույնիսկ 1989 թ․ դեկտեմբերի 1-ին Հայաստանի ու Արցախի խորհրդարանները համատեղ որոշում ընդունեցին Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միացման վերաբերյալ։ Առաջին Գերագույն խորհուրդն ընտրելիս 11 պատգամավոր ընտրվեց Ղարաբաղի կողմից։ Այսինքն՝ ամբողջ պրոցեսն այդ ուղղությամբ էր գնում։ Բայց այն պահից, երբ Ղարաբաղյան հարցը դարձավ միջազգային քաղաքականության խնդիր և միջազգային հանրությունը սկսեց զբաղվել այդ խնդրով, արդեն հասկանալի դարձավ, որ միայն պատմական փաստարկները և Գերագույն խորհուրդների որոշումները դեռ բավարար չեն վերամիավորման համար։ Բանն ի՞նչ է։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում տեղի էր ունեցել բոլոր սահմանների վերաձևավորում։ Եվրոպական քաղաքական իրողությունները վկայում էին, որ միայն ժողովրդի կամքը դեռ բավարար չէ մի տարածքը մյուսին միացնելու համար (1975 թ․ Եվրոպայում ստորագրվեց Հելսինկյան եզրափակիչ ակտը), բայց կարող է բավարար լինել անկախություն հռչակելու համար (ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներ, ինքնորոշման իրավունք, որով նաև Կոսովոն հռչակեց իր անկախությունը)։

Մի խոսքով, ամբողջ Եվրոպան թաղված է այս խնդիրների մեջ։ Երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, այնտեղ տեղի ունեցավ հանրաքվե, ձևակերպվեց, որ Ղրիմը եղել է Ռուսաստանի պատմական տարածք և այլն, բայց ամբողջ Արևմուտքը դեմ կանգնեց դրան ոչ միայն նրա համար, որ դեմ էր տրամադրված Ռուսաստանին, այլև Արևմուտքի համար իսկապես դա շատ վտանգավոր նախադեպ էր, քանի որ կարող էր շղթայական ռեակցիա առաջացնել ամբողջ Եվրոպայում։ Եվ իսկապես նրանք շատ լուրջ են վերաբերվում այդ հարցին։ Եվ ահա, երբ Ղարաբաղյան հարցն արդեն միջազգային օրակարգում էր, ինչ-որ պահից սկսած՝ մեր կողմից այն օբյեկտիվորեն բաժանվեց երկու փուլի։

Սխեման հետևյալն էր. առաջին փուլում, օգտվելով ժողովրդի ինքնորոշման իրավունքից և Խորհրդային Միության սահմանադրությունից, Արցախը դուրս է գալիս Ադրբեջանի կազմից, հռչակում է իր անկախությունը (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգերի ինքնորոշման իրավունքով անկախություն էին ստացել տասնյակ աֆրիկյան և ասիական պետություններ, ինչը հաստատվել էր ՄԱԿ-ի կողմից), որից հետո, արդեն իբրև երկու անկախ պետություններ, Հայաստանն ու Արցախը վերամիավորվում են։

Ըստ որում՝ բնական է, որ կարևորում էինք Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որից հետո վերամիավորումը տեղի կունենար։ Բայց եթե նույնիսկ մենք չսպասեինք միջազգային ճանաչմանը, սկզբում կարող էինք ինքներս ճանաչել Արցախի անկախությունը, պայմանագիր կնքել, որից հետո վերամիավորման հարցը դնել, որը նախ պետք է որոշեր Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով, ապա Հայաստանը իր խորհրդարանի միջոցով համաձայնություն տար։

Այսինքն՝ դա մի սխեմա էր, որը, ինչպես հետագայում պարզվեց, հարմար էր ոչ միայն միջազգային հանրությանը հասկանալի լինելու և միջազգային օրենքներին համապատասխանելու առումով, այլև պրակտիկ մեծ օգուտներ բերեց մեզ։ Ասեմ՝ ինչու։ Ե՛վ մեր երկրի երեք նախագահները, և՛ միջազգային հանրությունը, անկախ նրանից, թե Արցախն ինչ մասնակցություն ուներ բանակցություններին, հասկանում էին, որ առանց Արցախի և Արցախի ժողովրդի կամքի այդ հարցը լուծել հնարավոր չէ։ Այս առումով միջազգային հանրությանը ձեռնտու կլիներ, եթե Ղարաբաղն ինչ-որ իմաստով կորցներ իր ինքնուրույնությունը, որպեսզի, իրենց կարծիքով, Հայաստանի միջոցով կարողանային «հարցը լուծել»։

Դա բավականին կարևորում էին հատկապես ամերիկացիները։ Հիշում եմ, երբ 1997 թվականին ես Վաշինգտոնում էի և հանդիպում էի տարբեր սենատորների հետ, այդ թվում և ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, վերջինս ինձ ասաց․ «Մենք հասկանում ենք, որ Ղարաբաղն է խոչընդոտը, իսկ Հայաստանին մենք կկարողանանք համոզել»։ Դե դա իր կարծիքն էր։ ԱՄՆ-ում նաև հետաքրքրվում էին, թե Ղարաբաղում ովքե՛ր են «խոչընդոտում հարցի լուծմանը»։ Արցախի ղեկավարության անուններ էին տալիս։ Դա շատ բնորոշ է ամերիկյան քաղաքականությանը։ Իրենք Իրաքի դեմ պատերազմ էին մղում, բայց պատերազմի թիրախը Սադամ Հուսեինն էր, Սիրիայում՝ Ասադը, Լիբիայում՝ Քադաֆին։

Ռուսաստանի հետ հակադրվելիս կարևորում են Պուտինի անձը և այլն։ Այսինքն՝ ամերիկյան քաղաքականությունը միշտ անձնավորում է քաղաքական ուղղությունը և գտնում, որ տվյալ մարդուն հաղթելով՝ կարելի է լուծել խնդիրը։ Այս առումով շատ-շատերը կուզենային Ղարաբաղի ինքնուրույնությունը խեղճացնել, որպեսզի հնարավոր լիներ «հարցը լուծել»։ Եվ հիմա ակամայից մենք տեսնում ենք, որ նման մի պրոցես է գնում։ Իհարկե, Արցախը մեծ կախման մեջ է Հայաստանից թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական և թե՛ այլ առումներով։

Այդ կախվածությունը ձևակերպված է գրավոր պայմանագրերով կամ ավանդական պայմանավորվածություններով։ Հիմա երբեմն տարբեր հարթակներից, տարբեր անձանց կողմից սպառնալիքներ են հնչում, որ եթե էդպես է, մենք չենք աջակցի Արցախին, է՛ս չենք անի, է՛ն չենք անի։ Դա ոչ միայն ազգային անբարոյականություն է, այլև ավելին՝ լրջորեն վնասում է մեր անվտանգությունը։ Բոլորս գիտենք, որ եթե Հայաստանը չաջակցի Արցախին, Արցախը չի դիմանա։

Չդիմանա Արցախը՝ չի դիմանա նաև Հայաստանը։

Տեսեք, թե այսօր մեր հակառակորդներն ինչ են ասում․ նրանք խոսում են ոչ միայն Ղարաբաղի մասին, նրանք խոսում են Երևանի, Զանգեզուրի և ամբողջ Հայաստանի մասին։ Այսինքն՝ պահպանելու համար մեր անվտանգությունը և ներկա կարգավիճակը, պետք է նույն ձևով շարունակենք Արցախին աջակցել։ Արցախում շատ ներքին հարցեր կան, որոնց, ըստ պայմանավորվածության, Հայաստանն իրավունք ունի միջամտելու և միջամտում է։

Բայց կա մի սահման, Արցախի ինքնուրույնության մի գիծ, որին շատ զգույշ պետք է մոտենալ։ Նորից եմ կրկնում՝ չի բացառվում, որ կգա մի պահ, երբ Հայաստանն առաջինը կճանաչի Արցախի անկախությունը, և Արցախը հանրաքվեի միջոցով ու Հայաստանի խորհրդարանի համաձայնությամբ կվերամիավորվի Հայաստանին։ Չնայած կարծում եմ, որ նույնիսկ այդ դեպքում Արցախը չի դառնա ուղղակի Հայաստանի մարզ, այլ կունենա շատ ավելի բարձր կարգավիճակ, քան ունեն մեր մարզերը։ Բայց այս պահին Արցախի անկախությունն ու ինքնուրույնությունը կորցնելու և Հայաստանին վերամիավորելու չմտածված կամ այլ խնդիրներ հետապնդող հայտարարությունները վտանգում են ոչ միայն Արցախի հարցի լուծումը, այլև Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել