Սեպտեմբերի 8-ին Երևանում նշվելու է Մոսկվայի 872֊ամյակը: Blognews.am-ի հետ զրույցում Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Մալխասյանը խոսեց կազմակերպության առավելությունների, նոր առաջարկների, անվճար անցկացվող դասընթացների և կայանալիք մեծ միջոցառման մասին:

Նշենք, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ից մինչև 19:00-ն, տեղի է ունենալու բավականին հագեցած միջոցառում` նվիրված Մոսկվայի ծննդյան օրվան։ Միջոցառումն անցկացվելու է Հյուսիսային պողոտայում: Ժամը 19:30-22:00-ն լինելու է նաև համերգային ծրագիր ռուս և հայ արտիստների մասնակցությամբ։ Համերգը կկայանա Շառլ Ազնավուրի հրապարակում:

Միջոցառման ընթացքում ուսանողները և բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ կազմակերպության գործունեությանը, վայելել համերգային ծրագիրը։ Լինելու են նաև հյուրասիրություն, հայկական և ռուսական տարազների, գրքերի, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ և այլ հետաքրքիր անակնկալներ:


Տիգրան Մալխասյանը նշեց, որ որպես միջոցառման համակազմակերպիչ լինելու առաջարկը ստացել են Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի»-ից և մեծ ոգևորությամբ ու սիրով ընդունել են այն․ 
«Մեր կառույցն իր վրա վերցրեց մի քանի ֆլեշմոբեր անցկացնելը։ Ամբողջ կամավորական խումբը, որը լինելու է միջոցառման ժամանակ, նույնպես մեր կողմից է: Հարթակներ ենք ունենալու, որտեղ մարդիկ կարող են գալ և ծանոթանալ, թե ինչով է զբաղվում  կառույցը: Այս միջոցառման նպատակն ավելի շատ ուղղված է հայ-ռուսական եղբայրական հարաբերություններն ամրապնդելուն: Պատմությունը ցույց է տվել, որ մենք միասին ավելի շատ ենք կարողացել առաջ գնալ, այնպես որ, հրավիրում եմ բոլորին միջոցառմանը, բավականին հետաքրքիր է լինելու»:

Նշենք, որ Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան համագործակցում է բոլոր ռուսական համալսարանների մասնաճյուղերի հետ՝ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, Պլեխանովի անվան Ռուսաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի և իրավունքի ինստիտուտի, Սիներգիա համալսարանի ներկայացուցչության, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի հետ, նաև համագործակցության եզրեր ունի Հայ-ռուսական համալսարանի հետ: Հասարակական կազմակերպության գերնպատակն է ուսանողությանը տալ հնարավորություն՝ ներկայացնելու իրենց տարբեր ոլորտներում: Կառույցը չի սահմանափակվում միայն սպորտային կամ մշակութային ոլորտներով, նաև չունի տարիքային սահմանափակում:
«Մեր կառույցն ունի մի քանի բաժիններ` կամավորների բաժին, ԶԼՄ, միջոցառումների կազմակերպչական, իրավաբանական, արտաքին կապերի, արարողակարգի բաժիններ։ Կառույցին կից բացվելու է կամավորների դպրոցը, որի հայտերը կընդունվեն նոյեմբերի 1-ից։ Նաև տատուի դասընթացներ անցկացնելու առաջարկ ենք ստացել, մշակվում է «Ստուդ-մոդ» ստուդիայի բացման նախագիծը, որտեղ կսովորեն նկարչություն, դիզայն և այլն։
Բացի այդ՝ մենք արդեն ունենք յութուբյան ալիք, որտեղ լինելու են մի շարք հաղորդումներ, ունենալու ենք հարցազրույցներ հայտնի մարդկանց հետ, բլից հարցումներ, ինֆորմացիոն ծրագրեր: Դա լինելու է ինֆորմացիոն հարթակ երիտասարդների համար:
Կազմակերպությունը երբեք չի դիմել կողմնակի ֆինանսավորման աղբյուրի, ոչ մի գրանտ չենք ստանում և խուսափում ենք դրանցից, թափանցիկ պահելու համար ամեն բան անում ենք մեր ուժերով»,- հավելեց Տիգրան Մալխասյանը։ 

Բոլոր դասընթացներն անվճար են լինելու, տևելու են 4 ամիս, որից 2 ամիսն ուսանողները ստանալու են բազային գիտելիքներ, իսկ հաջորդ 2 ամսում ամրապնդելու են պրակտիկ գիտելիքները։ Ուսանողները ստանալու են սերտիֆիկատներ, իսկ դասընթացավարները՝ մեծ աշխատանքային փորձ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել