Ոնց հասկանում եմ, հանքաարդյունաբերության հետ կապված ժողովրդի շրջանակում լուրջ իրազեկման բաց կա, և շատ հարցերի պարզաբանման կարիք կա։ Փորձեմ մի երկու հարցի անդրադառնալ, չնայած բացերը շատ-շատ են։
Ինչպե՞ս են օրենքով կարգավորվում ՇՄԱԳ-ի կազմման հարցերը։
Իհարկե, իրավաբաններն ավելի լավ կասեն, բայց ես ասեմ, ինչքանով որ ես եմ հասկացել։ Եթե սխալվում եմ, թող մասնագետներն ուղղեն ինձ։
ՇՄԱԳ-ն իրականացվում է համայնքում հանրային լսումներ անելուց հետո, քանի որ ՇՄԱԳ անելը լուրջ ծախս է, ու ներդրողը չպիտի ռիսկի գնա, որը հետո համայնքի ձայնի պատճառով կարող է փջվել։ Ի դեպ, Ջերմուկում հանրային լսումներ չեն եղել։ Իսկ համայնքը ստորագրահավաքների և ավագանու միջոցով հայտնել է իր բացասական կարծիքը։
Բայց այստեղ շատ լուրջ բաց կա։ Ըստ օրենքի՝ համայնքի ձայնը որոշիչ չէ, այլ ունի խորհրդատվական լիազորություն։ Բայց այդ օրենքը հակասում է ՀՀ անկախության հռչակագրին, քանի որ, ըստ Հռչակագրի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողը, ջուրը, ընդերքը ժողովրդի սեփականությունն են, իսկ սահմանադրությունն ու օրենքներն էլ պիտի բխեն հռչակագրից։ Այսինքն՝ այստեղ կանգնում ենք նաև սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունների խնդրի առաջ։ Մյուս կողմից էլ՝ քանի դեռ հանքաարդյունաբերությանը վերաբերող հայաստանյան օրենսդրական դաշտը, հարկերը, բնապահպանական ու թափոնների վճարները, չափորոշիչներն ու սոցիալական պատասխանատվությունը չեն հասցվել միջազգային մակարդակի, պիտի ցանկացած նոր հանքի բացում արգելվի։ Հատկապես մետաղական հանքի բացում։
Հիմա այսքանը արձանագրելուց հետո կառավարության կողմից ՆՈՐ ՇՄԱԳ հասկացության մասին խոսելն ավելորդ է կամ չգիտակցված է կամ այլ նպատակներ է հետապնդում․․․
Նոր ՇՄԱԳ-ի մասին թող ներդրողը մտածի։
Հիմա Լիդիանի դեպքում կառավարությունն ընդամենը ի հայտ եկած նոր հանգամանքներից ելնելով, ելակետային տվյալների թերի լինելու, ինչպես նաև ՇՄԱԳ-ի գործունեության ժամկետանց լինելու և նախագծում տեղ գտած փոփոխությունների հիման վրա պիտի չեղարկի ներկա ՇՄԱԳԸ, և վերջ։
Իսկ ընդհանուր իշխանությունների, այսինքն՝ կառավարության և ԱԺ-ի առաջիկա գործունեությունը պիտի լինի վերոնշյալ օրենսդրական բացերի ու չափորոշիչների շտկումը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների իրականացումը։