Armsport.am-ը գրում է.

«Ալաշկերտն» այսօր՝ սեպտեմբերի 3-ին պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: Երևանյան թիմում Խաշմանյանի վերջին պաշտոնավարման ընթացքում ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի Գավաթն ու մոտ էր ԵԼ որակավորման 2-րդ փուլի արգելքը հաղթահարելուն:

«Ալաշկերտից» այս անգամ հեռանալու պատճառների մասին մասնագետը պատմել է ArmSport.am-ին:

- Ակումբի ղեկավարը հրավիրել էր հանդիպման: Մենք բավականին երկար խոսակցություն ենք ունեցել: Վերջում հայտնեց, որ թիմի բյուջեն 50 տոկոսով կրճատվում է, և առաջարկեց ինձ աշխատել այդ ֆորմատով: Ես հրաժարվեցի: Ու վերջ, դրանով մեր գործունեությունն ավարտվեց:

Առանց այդ էլ մենք այս բյուջեով արդեն չէինք կարողանում մրցակցել ուժեղ ակումբների հետ: Իսկ 50 տոկոսով կրճատումը ենթադրում էր աշխատավարձերի կրճատում 50 տոկոսով, բոնուսային համակարգի կրճատում: Դա նշանակում էր ուղղակի աշխատել աշխատելու համար: Ես չհամաձայնեցի, մենք շատ լավ բաժանվեցինք:

- Ամեն դեպքում, նախկինում էլ եղել են դեպքեր, որ ավելի լուրջ տարաձայնություններով հեռացել եք...

- Տարաձայնություններ ոչ մի պահ չեն եղել: Ուղղակի ես գտնում եմ, որ եթե մենք մեր այս բյուջեով արդեն չենք հասնում մյուսներին, եթե մի բան էլ այդ բյուջեն կրճատվում է, ինձ համար նպատակահարմար չէ շարունակելը: Մեր մեջ ընդհանրապես տարաձայնություն չի եղել:

- Եթե հետագայում պարոն Նավոյանը վերանայի այդ որոշումները, էլի կվերադառնա՞ք, թե՞ չէ:

- Ես գիտեմ, որ այս հարցերը ինձ անընդհատ տալու եք: Եղել է, որ ես գնացել, հետ եմ եկել: Այսօրվա դրությամբ դա մի քիչ էլ ծիծաղելի է դառնում, բայց մի լավ ասացվածք կա՝ «Երբեք մի ասա երբեք»: Բայց չեմ կարծում, որ երբևիցե նորից ինչ-որ համագործակցություն լինի:

Շատ լավ գիտեք՝ ես թիմը ոնց եմ ընդունել: Այս կարճ ժամանակահատվածում էլ մենք նորից պատմություն ենք կերտել թիմի հետ, Գավաթ ենք նվաճել, Եվրոպա Լիգայում շատ հաջող մասնակցություն ենք ունեցել: Փաստն այն է, որ այսօրվա դրությամբ մենք վերջացրինք մեր համագործակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել