Armsport.am-ը գրում է.

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ընդունելու է Իտալիայի ընտրանուն:

Այսօր տեղի է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային ասուլիսը.

Ֆուտբոլիստների մարզավիճակի ու մրցակցի մասին.

«Արտերկում հանդես եկող ֆուտբոլիստների ողևորությունը մի փոքր երկար է եղել:

Երկու ինքնաթիռ են փոխել: Բայց արդեն վերականգնվել են:

«Եթե կենտրոնանանք մեր խաղի վրա, մեր խաղը խաղանք ու չեզոքացնենք Իտալիայի ուժեղ կողմերը, ապա վստահ եմ լավ արդյունք կգրանցվի: Ինչու ոչ, եթե ոչ-ոքի խաղանք, կգրանցվի որպես լավ արդյունք:

Բոլոր թիմերը, ինչպես նաև Իտալիան, ունեն ուժեղ և թույլ կողմեր: Լավ ուսումնասիրել ենք մրցակցին: Հզոր թիմ է: Կիելինին և Ինսինյեն վնասվածքներ ունեն, բայց առանց նրանց էլ Իտալիայի ընտրանին հաղթել է այս չորս խաղերում: Միայն երեք ֆուտբոլիստ է, որ մասնակցել է նախորդ 4 խաղերին, մյուսները փոխվել են:

Իտալիայի հավաքականում սերնդափոխություն է սկսվել. Գյուլբուդաղյանցը ասում է, որ մեր հավաքականում նույնպես սերնդափոխություն կա.

«Իտալական ֆուտբոլի փիլիսոփայությունն է փոխվել: Իտալիայի մինչև 17, 19 և 21 տարեկանների հավաքականները մեծ արդյունքներ են գրանցում: Մանչինչին սկսել է սերնդափոխությունը, սակայն մեծ փոփոխություններ չկան դեռևս: Երեք ֆուտբոլիստի սերնդափոխություն է եղել, որոնք խաղում են Ա Սերիայում:

Մեր մոտ էլ սերնդափոխություն կա, տեսնում եք 6-7 ֆուտբոլիստ Մ21 հավաքականից մասնակցել են խաղերին կամ հավաքներին: Ունենք նաև երիտասարդական հավաքականից մեկ ֆուտբոլիստ՝ Երջանիկ Ղուբասարյանը, որը մասնակցում էր հավաքին, սակայն որոշեցինք, որ նա ավելի շատ օգուտ կտա երիտասարդական հավաքականին, որտեղ հիմանական կազմի խաղացող է»:

Յուրա Մովսիսյանի և Սարգիս Ադամյանի մասին Գյուլբուդաղյանցն ասաց.

«Տեղյակ եմ, որ Մովսիսյանը վնասվածքից վերջնականապես ապաքինվել է և նոր ակումբի փնտրտուքների մեջ է, սակայն վերջնական ոչինչ դեռևս չկա:

«Սարգիս Ադամյանը լավ մարզավիճակում է: «Հոֆենհայմում» մրցակցությունը մեծ է, սակայն հավատում եմ, որ նա կստանա իր շանսը: Ճիշտ է հիմնական թիմում չի խաղացել, սակայն երկրորդ թիմի կազմում է հանդես եկել ու գոլի հեղինակ է դարձել»:

Դարպասապահների հարցում հստակ որոշում դեռ չի կայացվել.

«Արամ Հայրապետյանը Լիխտենշտեյնի ու Հունաստանի հետ խաղերից առաջ էլ չէր խաղացել, վնասվածք ուներ ու հանդիպումներից մեկ շաբաթ առաջ էր սկսել մարզումները: Մեկ օր ժամանակ ունենք՝ կորոշենք»:

Արտյոմ Սիմոնյանի, Գոռ Մալաքյանի և Բրիասկո Բալեկյանի՝ հավաքականում չլինելու մասին.

«Արտյոմ Սիմոնյանի դիրքում հավաքական ենք հրավիրել Հենրիխ Մխիթարյանին, Պետրոս Ավետիսյանին և Էրիկ Վարդանյանին: Ինչ վերաբերվում է Գոռ Մալաքյանին, ապա նա մեկ խնդիր ունի, եթե դա շտկի, ապա կդառնա Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ: Մալաքյանը չի կարողանում իր էմոցիաները կարգավորի, հատկապես խաղի ժամանակ: Եթե դա կարգավորի, ապա կլինի ազգային ընտրանու հիմանական խաղացողներից մեկը:

«Կալիզիրը մեկ տարի առաջ էր ծրագրել հարսանիքը ու պարզապես չէր կարող մասնակցել նախորդ խաղերին: Նա վերին աստիճանի ազնիվ է ու շատ նվիրված է հավաքականին: Այս հարցը փակված է:

Ինչ վերաբերվում է Բալեկյանին, ապա մենք նրան տեսնում էինք որպես կենտրոնական հարձակվող: Մի փոքր չստացվեց: Բոսնիայի հետ խաղում էլ տարածություն փորձում էր ստանալ, սակայն մեծ հաշվով չստացվեց խաղը: Եթե դիտենք նրա ակումբի խաղերը, ապա կտեսնենք, որ նա ավելի շատ եզրային գոտում է խաղում ու եզրային հարձակվող է: Իսկ եզրում մենք լավ ֆուտբոլիստներ ունենք, որոնց հրավիրվել ենք Բալեկյանի փոխարեն»:

Մարկոսի վնասվածքի մասին.

«Շատ կցանկանայի, որ հավաքականում լիներ, սակայն գիտեք՝ ծանր վիրահատություն է տարել: Նա, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, շատ կարևոր ֆուտբոլիստներ են մեզ համար ու օրինակ են ծառայում երիտասարդների համար»:

Երիտասարդ խաղացողների՝ հավաքականում ապագա ունենալու մասին.

«Վահան Բիչախչյանը շատ աշխատասեր ֆոտբոլիստ է ու ազգային հավաքականի հույսերից մեկն է: Ապագայում կարող է դառնալ մեր ընտրանու լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Շատ դժվար է, իհարկե՝ գնալ պայմանագիր ստորագրելու, սակայն վերջին պահին չստացվի: Հենց նման բաների միջով պետք է անցնես, որ կոփվես ու չկոտրվես: Հավատում եմ, որ Էրիկը ճիշտ կարձագանքի նման դժվարություններին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել