Մենք դեմ չենք սերիալներին, սակայն հայկական սերիալներում ոտնարահարվում է ընտանիքի գաղափարը, աղավաղվում է մայրենի լեզուն: Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իրենց կազմակերպած ստորագրահավաքին, նման կարծիք հայտնեց երիտասարդ ակտիվիստ, սիրիահայ Անդրանիկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ ստորագրահավաք են կազմակերպել Հանրային հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով ամենադիտվող ժամերին՝ «փրայմ-թայմում» սերիալների փոխարեն ցուցադրել ազգային և մշակութային հաղորդումներ:

Սիրիահայ երիտասարդը նշեց, որ Սփյուռքում հիմնականում դիտում են Հ1-ը, որն այսօր, նրա խոսքով, շատ հեշտությամբ կարողանում է սփյուռքահայերի մեջ փոխել հայկական մտածելակերպը՝ դարձնելով ապազգային։

Նկատենք, որ այսօր արդեն հավաքվել է 1100-ից ավելի ստորագրություն:

Ասուլիսին մասնակից սոցիոլոգ Վահրամ Միրաքյանն էլ իր հերթին ասաց, որ Հանրային հեռուստաընկերությունը վարում է նույն քաղաքականությունը, ինչ կոմերցիոն հեռուստաընկերությունները՝ «լցված է գովազդով, շոուներով և սերիալներով»:

Հանրային հեռուստաընկերության «փրայմ-թայմում», սոցիոլոգի խոսքով, չպետք է լինի գովազդ, քանի որ եթե եթերում կա գովազդ, ապա ձևավորվում է համապատասխան բովանդակություն։

Սոցիոլոգը ներկայացրեց վիճակագրություն՝ սերիալների թվով Հ1-ն առաջին տեղում է՝ գրեթե 26 %,  գովազդ՝ 20 %, ժամանցային հաղորդումներ՝ մոտ 15 %, պատմամշակութային հաղորդումներ՝ 7%, ճանաչողական հաղորդումներ՝ 0 %։

«Հանրային հեռուստաընկերությունը պետք է բավարարի հասարակության բոլոր շերտերին, սակայն այն միայն «ֆասթ ֆուդ» արտադրանք է տալիս, ինչն անթույլատրելի է, քանի որ այն ֆինանսավորվում է բյուջեից»,- եզրափակեց խոսքը Վ. Միրաքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել