Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ ՏՄՊՊՀ-ն, տեւական ժամանակ է՝ ուսումնասիրություն է կատարում բենզինի շուկայում, որ հասկանա գնագոյացման նրբությունները, գերիշխող դիրքի դրսեւորումները, եւ, առհասարակ, կա՞ օբյեկտիվ հնարավորություն բենզինի էժանացման համար, թե՞ ոչ։

Միանգամից ասենք՝ կա, եւ ՏՄՊՊՀ-ն, մեծ հաշվով, անիմաստ ժամանակ ու ռեսուրս է վատնում։ Խնդիրը գտնվում է միաժամանակ ե՛ւ բիզնեսի, ե՛ւ միջպետական կարգավորման տիրույթում։ Այստեղ գլխավոր դերակատարը Վրաստանն է՝ որպես տարանցիկ երկիր, եւ հենց այստեղ է, որ թաքնված է շան գլուխը։ Բայց ամեն ինչ՝ հերթով։
Պարզելու համար, թե ուր են հասել ուսումնասիրություններում եւ ինչ արդյունքներ ունեն, դիմեցինք ՏՄՊՊՀ։ Մեզ պատասխանեցին հետեւյալը․ «ՀՀ ՏՄՊՊՀ-ն հավաքագրված տեղեկատվության հիման վրա բենզինի շուկայում իրականացրել է վերլուծություն։ Այս պահին որոշ տվյալներ ճշգրտման փուլում են գտնվում։ Առաջիկայում ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն եւ կներկայացվեն հանրությանը։ Հանձնաժողովի ուսումնասիրություններն ընդգրկել են միայն Հայաստանի բենզինի շուկան, քանի որ բենզինը ներկրվում է արտերկրից, եւ նույնանման, համադրելի շուկաներ այդ առումով գրեթե չկան: Որոշակի տեղեկություններ հավաքագրվել են Վրաստանի շուկայի վերաբերյալ, որոնք ուսումնասիրվում են»։

Չասացին, թե ինչ տեղեկություններ են հավաքագրել Վրաստանի շուկայից, քանզի հիմնական «մաֆիան», եթե կարելի է այդպես ասել, գործում է հենց Վրաստանում, ի մասնավորի՝ Բաթումիի եւ Փոթիի նավահանգիստներում, որտեղ գալիս-կուտակվում են վառելանյութով բարձված նավերը։ Եվ եթե ասում ենք բենզին, ապա պետք է հասկանանք նաեւ դիզվառելիք, քանզի երկուսն էլ նույն սխեմայով են ներկրվում։
Թե ինչ մաֆիա է ձեւավորվել, ովքեր են դրա հետեւում կանգնած, ինչ սխեմայով է այն աշխատում, եւ ովքեր են դրա հիմնական դերակատարներն ու շահառուները Հայաստանում, շատ լավ գիտեին նախորդ իշխանությունները։ Ենթադրում ենք, որ այդ սխեմային ծանոթ են նաեւ գործող իշխանությունները։ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ չգիտեին եւ նոր պետք է բացահայտեն, այն էլ՝ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունից հետո, ապա դա առնվազն ամոթալի կլինի նրանց համար։

Նախ նշենք, որ վառելիքի շուկայում Հայաստանի հիմնական խաղացողներն են «Ֆլեշ», «ՍիՓիԷս օյլ քորփորեյշն» եւ «Մաքս պետրոլ» ընկերությունները, որոնց կողքին՝ դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, ՊԵԿ-ը նշում էր նաեւ չորրորդ՝ «ԷյԲի Էքսպորտ» ընկերության անունը։ Որքանով մենք տեղեկացանք, վերջին տարիներին այս ամենի գլուխը կամ գոնե գերիշխող դիրք ունեցող հիմնական ներկրող ընկերությունը ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունն է։ Հենց այս ընկերությունն է հիմնականում ներկրում բենզին եւ դիզվառելիք Ռուսաստանից, իսկ այստեղի խաղացողներն էլ նրանից են գնում։ «Ռոսնեֆտը» բերում է մինչեւ Վրաստան՝ Բաթումիի նավահանգիստ, այստեղից արդեն «Ֆլեշը», «ՍիՓիԷս»-ը եւ մյուսները վերցնում են իրենց չափաքանակը, բարձում իրենց ցիստեռնների մեջ եւ տեղափոխում Հայաստան։ Թվում է, թե պարզ սխեմա է, ցանկացած ոք կարող է այդ սխեմայով բենզին ներկրել, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։ Հենց այստեղ է, որ գործում է մի «մաֆիա», որի հետեւում կանգնած է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու «կլանը»։ Նա է որոշում՝ ով պետք է իրենց տարածքով բենզին ներկրի Հայաստան, ով՝ ոչ։

Նախորդ իշխանությունները տարիներ շարունակ իրենց հարցերը լուծել են Իվանիշվիլու հետ եւ կարողանում էին արտոնյալ պայմաններով վառելիք ներկրել։ Նույն «Ֆլեշ» ընկերությունը՝ որպես երկարամյա հավատարիմ հաճախորդ, հասել էր նրան, որ վրաց գործընկերներն իրենից ու մեկ-երկու այլ ներկրողից զատ՝ այլ խաղացողի թույլ չտան Վրաստանով վառելիք ներկրել՝ նրա համար առաջացնելով արհեստական խոչընդոտներ։ Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Շատ պարզ, ավանդական մեթոդներով։ Վրացիներին կա՛մ կաշառել են՝ տալով նրանց խոշոր գումար, կա՛մ ուղղակի գործընկերային այլ պայմանավորվածություններ են ունեցել՝ փոխադարձ շահերի վրա հիմնված։ Արդյունքում նոր ի հայտ եկած խաղացողների կողմից բենզին ներկրելու ցանկացած փորձ մատնվել է անհաջողության։ Բայց միայն «Ֆլեշը» չէ այստեղ դերակատար կամ CPS-ը։ Դաշտում կարեւոր խաղացողներից է նաեւ ռուսական «Ռոսնեֆտը»։

Իսկ ի՞նչ են անում վրացիները, որ թույլ չեն տալիս այլ անձանց իրենց տարածքով վառելիք տեղափոխել մեր երկիր։ Պարզապես չեն ձեւակերպում բեռը կամ փոխադրման համար սահմանում են չափազանց բարձր գին, որը ձեռք չի տալիս ներկրողին։ Օրինակ, նախկին ներկրողների համար փոխադրման մեկ տոննայի արժեքը վրացիները սահմանել են 46 դոլար, ապա «օտար» մեկի համար դա դառնում է 96 դոլար, որից 70 դոլարը գնում է Իվանիշվիլու «կլանի» գրպանը։ Եվ այս մաֆիան ոչ ոք չի կարողանում կոտրել։ Իսկ 96 դոլարը բարձր գին է, որը ձեռք չի տալիս ներկրողին՝ նրա ապրանքը դարձնելով անմրցունակ։ Տարբեր գործարարներ, որոնք հավատացել են նոր ժամանակների մասին հեքիաթին եւ փորձել իրենց բախտը՝ բենզինի ներկրման շուկա ոտք դնել, անցել են ծանր «փորձությունների» միջով։ Նրանց շատ պարզ, մարդկային լեզվով հասկացրել են՝ «դու չես կարող ներկրել բենզին, քանի որ կանոններն այդպիսին են», եւ բարեկամաբար խորհուրդ են տվել չմտնել այս դաշտ, որտեղ արդեն կան ֆիքսված խաղացողներ։
Երբ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսուհետ ով ինչ ապրանք ուզենա, կարող է անարգել ներկրել Հայաստան, մի քանի գործարարներ որոշել են բենզին բերել։ Սակայն մեկի դեպքում, որը խոշոր ներդրում էր արել, որ որոշակի քանակի բենզին ու դիզվառելիք ներկրի եւ շուկայում գին իջեցնի, եւ անգամ Վրաստանի իշխանություններն են միջամտել, որ նրա համար խոչընդոտներ չհարուցեն։ Բայց 2-3 փորձից հետո, ի վերջո, նրան քաղաքավարի հասկացրել են, որ «ով էլ զանգի, այլեւս թույլ չենք տալու, քանզի եթե մեկին թույլ տանք, մյուսներն էլ են ուզելու»։ Գործարարը ստիպված հետ է կանգնել իր մտադրությունից։ Իշխանություններին մոտ կանգնած մեկ այլ խոշոր գործարար էլ ինչ-որ մի հրաշքով կարողացել է նավահանգստից բենզին դուրս բերել, ընդ որում՝ Եվրոպայից ներկրված բարձրորակ եւ էժան բենզին, սակայն նրա մեքենաներն արդեն Վրաստանի սահմանին են օրերով պահել։ 2-3 դժվար փորձից հետո նրան էլ են հասկացրել՝ «մի՛ մտիր այս դաշտ»։

Ավելին, բարձր պետական մակարդակով վառելանյութի ներկրման ծրագրեր ունեին ղազախները, որոնք անգամ գրասենյակ են գնել Երեւանում, պետական բարձր մակարդակի բանակցություններ վարել նոր իշխանությունների հետ, սակայն մոտ 8 ամիս է՝ հայ-ղազախական այդ ծրագիրն առաջ չի գնում, քանի որ «Հայ-ղազախական միջկառավարական համաձայնագիրը նավթամթերքների մատակարարման մասին» ոչ մի կերպ չի ընդունվում։ Ըստ կառավարական աղբյուրների՝ այն «համաձայնեցման փուլում է», սակայն ղազախական կողմը գրեթե հույսը կտրել է, որ այդ համաձայնեցումը կավարտվի, եւ համաձայնագիրը կկնքվի։

Մինչդեռ ղազախական նավթամթերքը բավականին էժան է եւ որակյալ, որի ներկրումը կարող էր շուկայում գներ իջեցնել եւ եղանակ ստեղծել։

Իսկ ի՞նչ են անում մեր իշխանությունները։ Արդյոք տեղյա՞կ են, անհանգստացա՞ծ են, ուզո՞ւմ են վերացնել մենաշնորհները, ազատ մրցակցություն սահմանել։ Եթե տեղյակ են, ապա ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկում, ինչո՞ւ չեն փորձում նախ կոտրել հին իշխանությունների օրոք ներդրված համակարգն ու քանդել բենզինի մոնոպոլիան։ Մյուս կողմից՝ ինչո՞ւ այս հարցում չեն բանակցում Վրաստանի իշխանությունների հետ ու փորձում հարցը միջպետական մակարդակով լուծել։ Հեղափոխությունից արդեն մեկուկես տարի է անցել, բայց բենզինի ու դիզվառելիքի շուկայում որեւէ էական տեղաշարժ չկա՝ շուկայում շարունակում են նույն խաղացողները մնալ՝ նույն կանոններով եւ նույն գնով։ Դրան գումարած՝ որեւէ նոր անձի բենզալցակայանի կամ գազալցակայանի թույլտվություն էլ չեն տալիս։ Եվ եթե այս հարցերը չեն լուծվում՝ կա՛մ նոր իշխանություններն անզոր են, կա՛մ իրենց շահն ունեն այս «սխեմաներում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել