«Քաղաքապետարանի կողմից 300 միլիոն դրամ տուգանքից հետո արդեն 5 օր է՝ «Սանիթեք» ընկերությունը քաղաքում բացարձակ աղբահանություն չի իրականացնում:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ «Սանիթեք» ընկերությանը աղբահանության աշխատանքները պատշաճ չկատարելու համար վճարել էր 300 միլիոն դրամ պակաս գումար: Այս փաստը, ըստ էության, վրդովեցրել էր «Սանիթեք» ընկերությանը, որն էլ այդ օրվանից առհասարակ աղբահանություն չի իրականացնում:
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը նախօրեին տեղեկացրել էր, որ «Սանիթեքի» տոտալ ձախողումն իր իրավական հետևանքները կունենա:
«Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի հանգամանքներով պայմանավորված, ամբողջությամբ ձախողում է աղբահանության գործընթացը: Գործող օրենսդրությամբ և «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերով քաղաքապետարանի ուղղակի պարտականությունն է «Սանիթեքի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառել պայմանագրային պարտավորությունների չկատարման համար, և քաղաքապետարանի կիրառած յուրաքանչյուր տուգանք հիմնված է փաստարկված և արձանագրված դեպքերի վրա:
Չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված, թերի մատուցված ծառայության համար Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ցանկացած տնտեսվարողի համար օրենսդրությամբ նախատեսված են անբարենպաստ իրավական հետևանքներ, այդ թվում՝ տուգանքների կիրառում, և այս առումով «Սանիթեքը» վստահաբար բացառություն չէ»,- տեղեկացրել է քաղաքապետարանի խոսնակը և հավելել. ««Սանիթեքի»՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու
վարքագիծը գնահատում ենք որպես պայմանագրային պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսևորում, որը, անշուշտ, իր իրավական հետևանքները կունենա»:
Նշենք, որ ներկայումս մայրաքաղաքի աղբահանության աշխատանքներն իրականացնում է միայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, որի տեխնիկական ռեսուրսները և աշխատակազմը շարունակաբար համալրվում են: Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը միանշանակ իրավական գործողություններ պետք է կիրառի «Սանիթեքի» նկատմամբ, որովհետև արդեն իսկ ակնհայտ է, որ ընկերությունը դիմում է բոյկոտի, սաբոտաժ է իրականացնում: «Չեմ կարծում, որ այն վճարումները, որը կատարում է քաղաքապետարանը, բավարար չէ թեկուզ եղածի չափով աշխատանք կատարելու համար:
Իսկ եթե դա չի արվում, ապա անպայման պետք է դրան տրվի իրավական հետևանք»,- ասաց Խաժակյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: