Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը այս տարի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել: Կումայրի-Ալեքպոլ-Գյումրին այդ կապակցությամբ ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ է: Քաղաքի սիրտը՝ Վարդանանց հրապարակը իր շրջակայքով, արդեն պատրաստ սպասում է հյուրերին, որոնք իրենց քանակով աննախադեպ են հետերկրաշարժյան Գյումրիի համար: Նույնիսկ մենք՝ գյումրեցիներս, ովքեր սովոր էին, որ քաղաքի մասին կհիշեն միայն դեկտեմբերի 7-ին, մի տեսակ տարօրինակ, բայց շատ հաճելի շոկի մեջ ենք: Ավելին՝ շնորհիվ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռաչակվելու Գյումրին ունեցավ նոր տրանսպորտային միջոցներ, որակապես նոր մակարդակի ճանապարհներ և հնարավորություն ներկայանալու աշխարհին ոչ թե որպես աղետ տեսած քաղաք, այլ որպես զբոսաշրջային կենտրոն, հայկական մշակութային գանձ, ուր մշակութային հարստությունից ցանկացած զբոսաշրջիկ կարբենա ու կցանկանա կրկին հետ գալ Գյումրի...
Գյումրու մասին կարող եմ երկար խոսել, կարող եմ սերս նրան բացատրել առանց հոգնելու: Իմ քաղաքի վերածնունդը իմ մանկության տարիներից է սկսվում, երբ այսօրվա Վարդանանց հրապարակում դեռ Ամենափրկիչը ավերված էր, երբ քաղաքպետարանի այսօրվա հոյակերտ կառույցի փոխարեն նախկին քաղկոմի ավերակներն էին: Այդ օրվանից այսօր մնացել է միայն Յոթ Վերքը, որը ևս վերանորոգվել է հիմա:
Ես հիշում եմ ամայի փողոցները, ուր այսօր եռուզեռ է, հիշում եմ, թե ինչպիսի լռություն էր իջնում Գյումրու վրա երեկոյան, միայն տնակաների աղոտ լույսերն էին երևում, որոնք կյանքի միակ ապացույցն էին հանդիսանում: Քաղաքում երկրաշարժի ուրվականն էր թափառում: Այսօր էլ այդ ուրվականը դեռ կա, բայց Գյումրին կամաց-կամաց դուրս է քշում նրան:
Անհավանական գեղեցիկ է Գյումրին գիշերային ժամերին, այդ գեղեցկության մեջ իր ուրույն տեղը ունի Վարդանանց հրապարակը՝ մեր քաղաքի վերածնունդի խորհրդանիշը: Վերածնունդ է նաև մշակութային մայրաքաղաք հռչակվելը և այդ կապակցությամբ շքեղ տոնակատարությունները: Ակամայից հիշում եմ հայտնի երգի տողերը.
-Գյումրին աշխարհին ասելիք ունի...
Դե ինչ, վաղը Գյումրին կասի իր խոսքը:
Բարի գալուստ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել