Hraparak.am-ը գրում է․

Ուրբաթ օրը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր ուռուցքաքաբան Արմեն Տանանյանին։ Նախապես առաջարկել է, որ Տանանյանը դիմում գրի-հեռանա։ Նա ասել է՝ չեմ գրի։ Ի պատասխան՝ հեռացվել է աշխատանքից։ Ինչը, սակայն, չի խանգարել, որ հիվանդանոցի բուժանձնակազմն ինչ ասես, չասի նախարարությունից եկածներին։  Ի նշան բողոքի՝ Տանանյանի հետ միասին հեռացել է հանրապետության լավագույն  ուռոլոգներից Վարուժան Շահսուվարյանը, ով նաեւ կենտրոնի փոխտնօրենն է։ Նրա հետ կապ հաստատել, ցավոք, չհաջողվեց։
Տրվում են նաեւ Հասմիկ Պետրոսյանի եւ ընդհանուր ուռուցքաբանության բաժնի վարիչ Մհեր Կոստանյանի անունները։ Վերջինս ասաց, որ իր մասով տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ինքն աշխատում է եւ չի պատրաստվում հեռանալ։

Այլ հարցերի նա չպատասխանեց՝ ասելով, որ հիվանդների հետ է, եւ որ իրեն խանգարում ենք։ 
Մեր տեղեկություններով՝ Արմեն Տանանյանը մոտ 4 տարի առաջ աշխատանքից հեռացրած է եղել հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված Նարեկ Մանուկյանին։ 
«Հրապարակը» զրուցեց Արմեն Տանանյանի հետ։

- Պարոն Տանանյան, ճի՞շտ է, որ Արսեն Թորոսյանը Ձեզ ասել է՝ դիմում գրի-գնա, Դուք ասել եք՝ չեմ գնա։

- Այո։ Ինձ եղել է առաջարկություն՝ հաշվի առնելով, որ վերջին ժամանակահատվածում մեր կենտրոնը գտնվել է գույքի կառավարման վարչությունում, եթե հիշում եք՝ տարիներ առաջ փոխանցեցին, որպեսզի սեփականաշնորհվի։ Այդ ժամանակ էլ եմ իմ դժգոհությունը հայտնել այդ որոշման  հետ կապված, եւ հիմա՝ ընդամենը մի քանի օր առաջ, կենտրոնը վերադարձավ առողջապահության նախարարության ներքո, եւ պարոն նախարարը հղում է տվել փակ բաժնետիրական ընկերությունների օրենսդրությանը, որը թույլ է տալիս 88-րդ հոդվածի 5-րդ կետով ազատել աշխատանքից։ Ինչո՞ւ չեմ գրել դիմում․ որպեսզի իմ դիմումի համաձայն ազատվեմ, որովհետեւ վերջին 5 տարիներին ընթացքում ես եւ կոլեկտիվն ունեցել ենք բազում-բազում ձեռքբերումներ՝ թերֆինանսավորման պայմաններում։ Իհարկե, դրա հետ մեկտեղ, մենք ունենք նաեւ մի շարք դժգոհություններ, որոնք կապված են ոչ թե բժիշկների աշխատանքի հետ, այլ այն ճղճիմ ֆինանսավորման եւ այն տարբերության, որը եղել է վերջին 15 տարիներին։ Եվ հաշվի առնելով, որ ես ապագայի հետ կապված եւս ունեի մի շարք զարգացման ծրագրեր, հայտարարել եմ, որ իմ դիմումի համաձայն չեմ հեռանա։

- Չե՞ք պատրաստվում դիմել դատարան։

- Ես կառուցողական մարդ եմ, աշխատող մարդ եմ եւ համարում եմ, որ այդպիսի կոնֆրոնտացիաները երբեւիցե արդյունք չեն կարող տալ։ Սա այն ոլորտն է, որտեղ պետք է թիմային համախմբված աշխատանք, որպեսզի մեր հիվանդը, այն էլ քաղցկեղով, չտուժի։

- Բայց, փաստորեն, Դուք գնացել եք կոնֆրոնտացիայի, որովհետեւ, համաձայնեք, քչերն են պատրաստ, որ իրենց ազատեն աշխատանքից ոչ սեփական դիմումով։

- Բացարձակ։ Օրենքը թույլ է տալիս նախարարությանը, ըստ իր ձեւակերպումների։ Եվ հաշվի առնելով, որ ես վիրաբույժ եմ, ստեղծող եմ, կառուցող եմ, ընտրել եմ էդ ճանապարհը։

- Ձեր հետեւից նաեւ այլ մարդիկ են գնացել, այդ թվում՝ Վարուժան Շահսուվարյանը։

- Այո։ Ասեմ, որ նա մեր լավագույն ուռոլոգներից է, որ իր ուսերի վրա տանում է ամբողջ ուռոլոգիան, որը շաղկապված է քաղցկեղային հիվանդության հետ։ Նաեւ ինքը կենտրոնում աշխատել է որպես բուժական գծով փոխտնօրեն, եւ հաշվի առնելով այն արդյունքները, որ մենք արձանագրել ենք, միգուցե թվացյալ խոշոր արդյունքներ չեն, բայց հավատացեք, որ դրանք իրականում շատ կարեւոր ու մեծ արդյունքներ են, նա եւս իր որոշումով դուրս է եկել աշխատանքից։ Ե՛վ որպես փոխտնօրեն, ե՛ւ որպես ուռոլոգիայի բաժնի վարիչ։

- Ամենը, որքան տեղյակ եմ, եղել է Ուռուցքաբանության կենտրոնում։ Կարծեմ՝ ձեր աշխատակիցները եւս ինչ-ինչ դժգոհություններ են հայտնել։

- Խնդրում եմ՝ դիմեք աշխատակիցներին, ես չեմ կարող դրա մասին որեւէ մեկնաբանություն տալ։

- Ըստ տեղեկությունների՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկների հիմնական դժգոհությունն այն է, որ նախարարությունից Ձեզ ասվել էր՝ վիրահատման ենթակա հիվանդներին հերթագրեք։ Ի պատասխան՝ նախարարությունից ասվել է, որ քաղցկեղով հիվանդը չի կարող հերթագրվել, քանի որ քաղցկեղը չի սպասում։

- Կառավարության 318 որոշումը պահանջում է, որ գերակատարումների պարագայում պետք է անել հերթագրումներ։ Մենք դեռ ապրիլ ամսվանից ունեցել ենք գերակատարումներ ե՛ւ վիրաբուժությամբ, ե՛ւ ճառագայթային բժշկությամբ, ե՛ւ քիմիաթերապիայով։ Բայց ես բազմիցս դիմել եմ նախարարություն եւ ասել եմ, որ եթե հիմա հերթագրենք, հաշվի առնելով այդ ժամանակահատվածում մեզ արված ուղերձը, որով փոփոխություններ կատարվեցին, ֆինանսավորումն ավելացավ, այս հերթագրումը մենք չենք իրականացրել։ Եղել ենք գերակատարումների մեջ, եղել են պարտքեր կոլեկտիվի հանդեպ, հուլիս ամսին այդ պարտքերը կարողացել ենք ամբողջովին մարել՝ վերաֆինանսավորման արդյունքում, բայց այս րոպեին եւս ունենք գերակատարումներ, որի վերաբերյալ արդեն  հաջորդ ղեկավարությունը որոշում կկայացնի, թե հետագա քաղաքականությունն ինչպես է իրականացնելու։

- Միայն այդ սեփականաշնորհո՞ւմն էր, թե՞ նախկինում եւս կոնֆլիկտային իրավիճակներ են եղել Թորոսյանի հետ՝ այլ հարցերով։

- Բացարձակ կոնֆլիկտային իրավիճակ չի եղել, եւ ես կարծում եմ, որ նախարարը նույն դիրքորոշմանն է, ինչպես եւ ես, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը չի կարող լինել սեփականատիրոջ ձեռքերում։ Դա պետք է լինի միանշանակ պետական կառույց։ Իհարկե, պետք է լինեն նաեւ կառավարման տարբեր ձեւեր։

- Այդ դեպքում ինչո՞ւ Ձեզ ազատեց աշխատանքից։

- Ես ասացի՝ կենտրոնը փոխանցվեց առողջապահության նախարարություն, եւ նախարարը, ես կարծում եմ, ունի ծրագրեր՝ իրականացնելու, ունի նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Եվ ես մաղթում եմ բազում հաջողություններ։

- Այսինքն, Ձեր կարծիքով՝ իր մարդո՞ւն է նշանակում։

- Գիտեք, ես մի քիչ ավելի լուրջ հարցերի մասին եմ պատրաստ խոսելու։ «Իմ մարդ», «քո մարդ»․․․ էդպիսի հասկացողություններով ես չեմ աշխատում։ Նորից եմ կրկնում՝ սա այն ոլորտն է, որտեղ մենք պետք է կարողանանք տալ արդյունք։ 

- Նախարար Թորոսյանը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանում ուռուցքաբանությունն անվճար է։ Հաշվի առնելով, որ դրա միայն վիրահատական մասն է անվճար, կարելի՞ է ասել, որ Հայաստանում ուռուցքաբանությունն անվճար է։

  • Գիտեք, նախ՝ ուռուցքաբանությունն անվճար չէ,  ուռուցքաբանության նույն վիրահատությունների հետ կապված փոխհատուցումը կատարում է առողջապահության նախարարությունը, եւ ասել, որ դա անվճար է՝ ոչ։ Ուղղակի վիրաբուժական դեպքերի համար հիվանդները, անկախ իրենց սոցիալական իրավիճակից, որեւիցե մուծումներ չեն անում։ Այդ ծառայությունը կենտրոնից պետությունն է գնում։ Հարցի մյուս կողմն էլ այն է, թե  արդյոք այդ գներն իրատեսակա՞ն են, եւ արդյոք այդ գներով հնարավո՞ր է անել այդ վիրահատությունները եւ մրցակցել սեփական սեկտորի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել