Առաջ միայն Աստծո գործերն էին անքննելի, իսկ հիմա՝ նաև Օսիպյանինը։ Միայն ինչ-որ հզոր նախախնամությամբ կարելի է որևէ դրական ընկալում ունենալ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է ոստիկանությունում և ոստիկանության հետ։
Տպավորություն է, որ ՀՀ-ի ամենախոցելի, ամենաթույլ ու ամենաամուլ կառույցը հենց ոստիկանությունն է։ Տպավորություն կա նաև, որ այդ ամուլ կառույցի ոչ մի բանի պիտանի պետը որոշել է անմիջական գործառույթների իրականացման բացը լրացնել բոլիվուդյան ժանրի տեսաձայնագրություններով։
Օրինակ՝ օրեր առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են «ասֆալտին փռել» փորձում Արթուր Ասատրյանին, ընդ որում՝ հասկանալի չէր, թե որ մեղքի համար։ Ընդ որում՝ այդպես էլ հասկանալի չդարձավ դա՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ոչ պաշտոնական մակարդակի գեթ մեկ պարզաբանմամբ, որ կարվեր ոստիկանության կողմից։ Բոլոր հիմքերը կան հավատալու Դոն Պիպոյի կողմից այն պնդումներին, որ այդ ակցիան բացարձակ անհիմն էր ու արվել էր զուտ տվյալ տարածքի ոստիկանապետի թե նրա տեղակալի քմահաճույքով ու արվել էր զուտ նրա համար, որպեսզի այդ տեսանյութը հայտնվեր համացանցում։
Այս իրողությունը շատ ճչուն է այն կոնտրաստում, որը ստեղծվում է նույն ոստիկանության հետ տեղ գտած այլ դրվագներից։ Հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ տրանսվեստիտ մարմնավաճառների մի խումբ ներխուժել էր ոստիկանություն և մարմնական վնասվածքներ էր պատճառել ծառայության մեջ գտնվող ոստիկանների։ Մեզ, իհարկե, բանավոր հավաստիացրին, որ նրանց էլ են փռել ասֆալտին ու երկուսի նկատմամբ գործ կա հարուցված, բայց, մտքին ունենալով Դոն Պիպոյի մասնակցությամբ «բլոքբասթերը», օրինաչափ հարց է առաջանում․ բա ինչո՞ւ չկա այնպիսի տեսանյութ, թե ինչպես են ասֆալտին փռում տրանսվեստիտ մարմնավաճառներին։
Էլի օրնակ ասե՞մ։ Այս Բոլիվուդի գլխավոր պրոդյուսեր ու, ըստ ամենայնի, ռեժիսոր Օսիպյանին ինչ-որ մանր տրամաչափի Սասնա ծուռ դատարանում լակոտ անվանեց, ընդ որում՝ դա արեց այն գործի շրջանակներում, որը քննում էր այդ թվում նաև Օսիպյանի պագոննները պոկելու դրվագը։ Ի՞նչ եք կարծում, եղա՞վ արդյոք նույն կարգի տեսանյութ, ինչպես Արթուր Ասատրյանի պարագայում էր։ Իհարկե ոչ։
Իհարկե, բարդ է ակնկալել, որ ոստիկանությունը չի վերածվի կրկեսի, երբ մի ողջ երկիր է վեր ածվում բալագանի, բայց գոնե կարելի՞ է ավելի տաղանդավոր լինել բոլիվուդյան ժանրի բեմադրություններ կազմակերպելիս, թե՞ անգամ նման էժան բաներ բեմադրելիս տաղանդները չի հերիքում։
Կից նյութը կարող եք դիտել այստեղ։