Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կատանգա նահանգում խոլերայի համաճարակ է բռնկվել: Հիվանդությունը խլել է 257 մարդու կյանք:
Համաձայն ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի վարչության տվյալների՝ այս տարեսկզբից ի վեր նահանգում գրանցվել է խոլորայի 11,100 դեպք:
Վարչության նախագահը Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ խոլերայի համաճարակի բռնկման կենտրոնը Լուբումբաշի քաղաքն է, որտեղ մայիսից վտանգավոր հիվանդությամբ վարակվել է 6 հազար մարդ:
Համաճարակի հիմնական պատճառը մաքուր ջրի ու սանիտարական պայմանների բացակայությունն է:
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով վարչությունը իր գործընկերների հետ համատեղ մեծացրել է մաքուր ջրի մատակարարումը, անցկացնում է իրազեկում բնակչության շրջանում ու անհապաղ բժշկական օգնություն է տրամադրում տեղի բնակչությանը:
Մինչև տարեվերջ միջոցառումների իրականացման համար մարդասիրական կազմակերպություններին անհրաժեշտ կլինի 1,9 մլն դոլար:



