92-ի աշնան սկզբին, բացառությամբ մի քանի գյուղերի, ամբողջ Մարտակերտի շրջանը թշնամու օկուպացիայի ներքո էր եւ հաշված կիլոմետրեր էին մնում միչեւ Ստեփանակերտ: Չգիտեմ` գիտակցո՞ւմ էինք մենք ընկերներով, թե՞ անգիտակցաբար էինք համոզված, որ մենք ապրում ենք մեր կյանքի եւ գուցե երկրի ամենապատասխանատու ու վճռորոշ ժամանակաշրջանում, եւ մեր տեղը մեր ավագ ընկերների կողքին է` արցախյան մարտի դաշտում: Բայց ավագ ընկերները հաշվի չէին նստում մեր արդեն ձեռք բերված որոշ գիտելիքների, հմտությունների ու անցած հատուկ պատրաստության հետ եւ համառորեն մերժում էին մեզ Արցախ տանելուց` հղում անելով տարիքին: Բայց ոչինչ չի կարող կանգնեցնել 17 տարեկաններին, երբ որոշումն ընդունված է:
Արցախ հասանք ինքնուրույն, պատահած միջոցներով: Երեւանի «Արցախ» կոմիտեից Գորիս հասել եմ КАМАЗ-ի կտուրին` «զապաս» անիվների արանքը նստած: Գիշերով Լաչին (ներկայիս Բերձոր) մտնելուց մեքենաները զգուշանում էին, եւ միայն առավոտյան շարունակեցինք ճանապարհը նախ՝ տրակտորով, այնուհետև՝ ոտքով եւ պատահող տարբեր բեռնատարներով: Առաջին պատկերը, որը տպավորվել է, Լաչինում ճանապարհին մոտ կանգնած երկաթե տաղավարն էր bərbərhana (վարսավիրանոց) գրառմամբ` վրայի բոլոր հնարավոր տրամաչափի անցքերով հանդերձ: Ինձ համար զարմանալի էր, թե ինչի՞ էր պետք այդքան կրակել դատարկ ու անպետք տաղավարին, բայց շատերը իրենց պարտքն էին համարում դա անել: Հնարավոր է` այդ գրառումն ու տաղավարը խորհրդանշում էին մի ամբողջ երկար ու դաժան պատմություն, եւ կրակելով շատերը յուրովի գնահատական էին տվել այդ պատմությանը ու վերաբերմունք հայտնել: Հետագա բոլոր իմ հիշողություններում մեխված պատկերները նույնպես հեռու են տարածված եւ արդեն Արցախի բրենդի մաս հանդիսացող պատկերներից: Գույներից հստակ հիշում եմ Մարտակերտի պեյզաժները՝ կանաչի, կարմրի եւ դեղինի ողջ սպեկտորը միաժամանակ: Նույն գույները հիշում եմ առանձին-առանձին: Վառ կանաչ էին պատկերում Ադերբեջանի դրոշի գույներից մեկը՝ թշնամու խոցված եւ անկանոն լքված տեխնիկայի վրա: Կարմիրը... Խրոնիկ կարմիր էր հոսպիտալի (այն ժամանակ Արցախի հեռուստատեսության շենքի դիմացն էր) մուտքի մոտի ասֆալտը: Այն պարբերաբար փորձում էին ջրել եւ մաքրել, բայց ապարդյուն՝ հոսպիտալ բերվող վիրավոր տղաների արյունը մնում էր մանր ճեղքերում եւ փոխում ասֆալտի բնական գույնը: Դեղինը... Բաց խակիից դեղին էին դառնում մեր հայկական առաջին «աֆգանկաները», երբ վրայից պոկում էիր կավը: Հիշում եմ նաեւ հոտերը, ու ժինգյալով հացի հոտը այդ շարքում առաջինը չէ: Զորանոցի հոտն եմ հստակ հիշում՝ համեմված վառարանի մոտ դրված արկղի մեջի չորացող թութունի հոտով: Վառված դիզելի հոտը, որ կպնում էր զգեստին БМП-ի զրահին նստած նույնիսկ կարճ երթեւեկելիս: Իսկ ամենից վառ հիշում եմ երկիրը շահած տարբեր տղերքին՝ թե՛ զոհված, թե՛ կենդանի: Եվ Արցախն ինձ համար երկիրն ազատագրած տղերքն են, նրանց կանայք, մայրերն ու երեխաները, իրենց բախտ ընկած ճակատում կռիվ տված ամենքը: Ու ես միշտ կռիվ կտամ ձեզ հետ ու ձեր կողքին՝ լինի դա դրսից, թե ներսից հրահրված պատերազմ:
Ծնունդդ շնորհավոր, իմ Արցախ: