Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իրենց հաջողվեց իշխանության գալ մեծամասամբ սոցիալական ցանցերի և, մասնավորապես, Facebook-ի շնորհիվ:
Եվ իրոք, 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջը ավելի քան 1 միլիոն հետևորդ ունեցավ, նրա գրառումները հաշված րոպեների ընթացքում տասնյակ հազարավոր հավանումներ ու տարածումներ էին ստանում:
Մինչդեռ պատկերը սկսեց փոխվել 2019թ.-ի սկզբին և հիմա ունենք իրավիճակ, երբ Facebook-ի երբեմնի «աստղ» համարվող Փաշինյանի գրառումները հազիվ 1000 հավանում են ստանում:
Սա պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ՝ մարդիկ օբյեկտիվորեն հոգնել են Նիկոլ Փաշինյանի՝ Facebook-ում անընդհատ և հաճախ անիմաստ ակտիվությունից: Երկրորդ՝ Facebook-ի ալգորիթմի փոփոխության հետևանքով հավանած էջի թարմացումները ստանալու համար օգտատերերը պետք է նշեն, որ ցանկանում են ստանալ նոր հրապարակումները, կամ պարերաբար այցելեն էջ՝ թարմացումներին ծանոթանալու համար: Երրորդ, օգտատիրոջ կողմից էջի աննպատակ և անընդհատ թարմացումները հանգեցնում են նրան, որ նոր հրապարկումները ավելի քիչ մարդկանց է հասանելի դառնում:
Այն որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այլևս չի կարողանում կամ դժվարությամբ է կարողանում տեղեկատվական հոսքերը ուղղորդել ցանկալի հունով, ապացուցվեց վերջին իրադարձությունների ֆոնին:
Մասնավորապես, Ամուլսարի հանքի շահագործման օգտին իր հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջն իսկական «հարձակման» ենթարկվեց բնապահպանների, շարքային քաղաքացիների կողմից: Որքան էլ Փաշինյանը ջանաց այլ, հիմնական դրական լուրերով շեղել մարդկանց ուշադրությունը հանքի թեմային, նրան դա չհաջողվեց, քանի որ անկախ թեմայից, յուրքանչյուր գրառման մեկնաբանություններում օգտատերերը զանգվածաբար բարձրաձայնում էին հանքի շահագործման օգտին նրա արած դիրքորոշմանը դեմ լինելու մասին:
Մենք ուսումնասիրել ենք այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ վարչապետի էջում իր կողմից արված առանց բացառության բոլոր գրառումների հավանումները, մեկնաբանությունները և տարածումները: Օրինակ՝ 5 ժամվա ընթացքում Փաշինյանի հրապարակումը ունի ընդամենը 1000 հավանում, 62 մեկնաբանություն, 26 տարածում:
Իսկ 6 ժամ առաջ Փաշինյանի արած մեկ այլ հրապարակումն ունի ընդամենը 864 հավանում, 55 մեկնաբանություն, 20 տարածում:
Փաշինյանի՝ 9 ժամ առաջ հրապարակած մեկ այլ տեսանյութ ունի 2600 դիտում, 436 մեկնաբանություն, 89 տարածում:
Համեմատության համար նշենք, որ ամիսներ առաջ Փաշինյանի հրապարակումները ընդամենը հաշված րոպեների ընթացքում 2000-3000 հավանում ու տարածում էին ստանում: Հետևությունները թողնում ենք ընթերցողներին: