Քանի որ քաղաքական-հասարակական ոչ մի ակտիվ թեմա չկա, մի քիչ սևեռեմ ձեր ուշադրությունը մենթալ մի խնդրի վրա՝ կարծրատիպերի ու արքետիպերի:
Նենց ստացվեց, որ նոր թեթև բանավեճ ունեցա գործընկերներիցս մեկի հետ՝ կապված եվրոպացիների զարգացվածության ու առհասարակ՝ կրթական համակարգերի հետ: Հայերի հետ նման բանավեճեր ունենալիս միշտ բախվում եմ Եվրոպայի մասին ինչ-որ կարծրատիպային ու արքետիպային դատողությունների, ինչի մասին մեկ անգամ ակնարկել եմ «Կենդանի մատյանում», ուստի մինչ կրթական ու տնտեսական հարցերին անցնելը ուզում եմ պարզաբանել մի երկու տեսլական, որ ես ունեմ Եվրոպայի մասին:
Ժողովուրդ, Վերածննդի, Արդյունաբերական հեղափոխության, Լուսավորչական շարժման, կամ այլ կերպ ասած` մոդեռն-զարգացող Եվրոպան էլ չկա: Արդեն մոտ 50 տարի է` Եվրոպան ու գրեթե ողջ աշխարհը թևակոխել է պոստմոդեռնի մեջ, ինչը հնարավորինս պարզ լեզվով ասած նշանակում է, որ Եվրոպան հիմա գտնվում է արժեքների ու իմաստների աղավաղման փուլում, իսկ ցանկացած զարգացում կա՛մ ինչ-որ ինքնանպատակ ու նիհիլիստական պրոցես է, կա՛մ էլ իր բնույթով դեստրուկտիվ է ու վնասակար:
Ասել կուզի` Եվրոպայում էլ միքելանջելոներ, ռուսսոներ ու վոլտերներ ի հայտ չեն գալիս, հումանիզմը վեր է ածվել ուլտրահումանիզմի և դարձել է շատ վտանգավոր ֆետիշ, դե տնտեսական վիճակն էլ ստաբիլ անկում է 2008 թվականից, բայց հայերը, միևնույն է, ընկալում են այս Եվրոպան, ասես այն լինի 18-19-րդ դարինը՝ արժեքային տեսակետից և նախաճգնաժամայինը՝ ֆինանսական տեսակետից:
Ժողովուրդ, մի քիչ մանկամտություն է երկրների ու աշխարհաքաղաքական խաղացողների մասին դատելիս «լավ» ու «վատ» եզրույթներն օգտագործելը, և ես բնավ էլ չեմ ուզում ապացուցել, որ Եվրոպան վատն ա, ես պարզապես ուզում եմ ասել, որ հաճախ մեր պատկերացրած Եվրոպան նույնքան անելիք ունի իրական Եվրոպայի հետ, որքան, ասենք, Հայաստանի Հանրապետությունն ու Բագրատունիների ժամանակաշրջանի Հայակական Թագավորությունը:
Մի խաբնվեք անգամ Եվրոպայի բարեկեցությանն ու գեղեցկությանը, որովհետև երկուսն էլ ոչ թե այսօրվա Եվրոպայի ձեռքբերումներն են, այլ նույն այդ 17-19-րդ դարերի Եվրոպայի թողած ժառանգությունը: Որտեղի՞ց այդքան շատ փող այնտեղ. կներեք, բայց Հայաստանը չէր, որ 300-400 տարի գաղութի էր վերածել բացի բուն Եվրոպայից, մնացած բոլոր մայրցամաքները ու դարեր շարունակ այնտեղից փողեր ու ռեսուրսներ էր քամում և բերում մետրոպոլիաներ: Ի՞նչ եք կարծում, գաղութարարության անկումից հետո այդ փողերն ու ռեսուրսները կորա՞ն... Իհարկե ոչ, ինչի՞ մասին է խոսքը, եթե էսօր արդեն մի թիզ դարձած Պորտուգալիան իր ոսկու պաշարներով մտնում է համաշխարհային առաջատարների մեջ, չխոսեմ Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի ու Ֆրանսիայի մասին...
Գեղեցկությունը... Ժողովուրդ, ո՛չ Վերսալը, ո՛չ Վենետիկը, ո՛չ Լոնդոնի պատմական կենտրոնը, ո՛չ Մադրիդը, ո՛չ Վիեննան, ո՛չ էլ Հռոմը չեն կառուցվել ԵՄ-ի օրոք, այն, ինչ ձեզ հիացնում է, դա ժառանգություն է, որը ԵՄ-ն ստացել է Մոդեռն Եվրոպայից և միայն...
Հիմա ի՞նչ եմ ուզում ասել. հանեք էլի էդ по умолчанию Եվրոպայի մերձիդեալական լինելու կոնցեպտը ձեր մտածողությունից: Այն բաները, որ այսօր ձեզ հիացնում է Եվրոպայում, ոչ մի կապ չունեն ո՛չ նրանց այսօրվա դավանած արժեքների, ո՛չ նրանց այսօրվա վարած տնտեսական քաղաքականության, ո՛չ էլ այսօր կիրառվող կրթական հակարգի հետ: Սա չի նշանակում, որ այնտեղ ոչ մի լավ բան չկա, այնտեղից ոչ մի սովորելու բան չկա, բայց մի էլ ակնկալեք, որ հեսա մենք էլ կսկսենք իրանց պես անել, մեզ մոտ մեկ էլ հոպ, Վենետիկ կծլի, հոպ, ԿԲ-ում 800 տոննա ացտեկների ոսկի կհայտնվի և այլն:
Սովորեք ընկալել Եվրոպան և ոչ միայն Եվրոպան, այլև ձեզ շրջապատող ամեն ինչ ու ամեն հասկացողություն այնպիսին, ինչպիսին դրանք կան, այլ ոչ թե այնպիսին, ինչիպիսին դուք եք ուզում, որ դրանք լինեն, կամ ձեզ է թվում, որ այդպիսին կան :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել