«Կարծես թե կառավարությունը պատերազմ է հայտարարում քրեական աշխարհին և մասնավորապես՝ քրեական հեղինակություններին: Սա, իհարկե, չափազանց դրական և անհրաժեշտ գործընթաց է: Իսկապես Հայաստանը պետք է մաքրվի քրեական տարրերից և բարքերից, որոնք ներսից քայքայում ու կազմաքանդում են պետության սոցիալական միջավայրն ու հասարակական կառույցի հիմքերը:
Միևնույն ժամանակ պետք է նաև արձանագրենք, որ քրեական տարրերի դեմ պայքարը բավական բարդ և մեծ ռեսուրսներ պահանջող գործընթաց է: Քրեական հեղինակություններին բանտերը լցնելու պրակտիկան հարցի լուծում չէ: Առհասարակ ԱԱԾ-ի կամ էլ ոստիկանության կողմից կազմակերպվող դիմակներով ներկայացումներն ու «ասֆալտին փռելու» գործողությունները զուտ քարոզչական գործառույթ ունեն և ոչ ավելին: Քրեական աշխարհին ծնկի բերելու համար շատ ավելի լուրջ ու երկարաժամկետ գործողություններ են անհրաժեշտ:
Բայց մինչ որևէ գործնական քայլի դիմելը՝ պարտադիր է հասկանալ, թե, ի վերջո, ինչի հետ մենք գործ ունենք, և որոնք են հարվածի առաջնային ու երկրորդական թիրախները: Նախևառաջ արձանագրենք հետևյալը. Հայաստանում քրեական աշխարհը ցանցային տրամաբանությամբ գործող ու հստակ սահմաններ չունեցող համակարգ է: Այսինքն՝ քրեական աշխարհ եզրույթի ներքո ամենևին էլ պետք չէ հասկանալ ինչ-որ հանցավոր խմբավորումների, որոնց չեզոքացումից հետո հարցը կարող է փակվել: Իրականում այն ավելին է, քան համակարգը, և մեր դիմաց կանգնած է համընդգրկուն մի ենթամշակույթ, որը ներկայացված է հանրային գրեթե բոլոր շերտերում:
Փաստորեն խնդիրը ոչ այնքան քրեական հեղինակություններն ու «գողերն» են, այլ նրանց հանրային հեղինակությունն ու մարդկային որոշակի խմբերի աջակցությունը: Սրանից ելնելով քրեական աշխարհի դեմ պայքարը դառնում է անիմաստ ու անարդյունք, քանի որ քրեական հեղինակությունների որոշակի խմբի չեզոքացումից հետո ենթամշակույթը ստեղծելու է նորերին, և այսպես՝ անընդհատ ու շարունակաբար:
Այս իմաստով իրավական կոնկրետ գործողությունների հետ զուգընթաց պետք է առաջնային պլան մղվի արժեքային պայքարը: Այսինքն՝ «գողերի» հետ միասին պետք է չեզոքացվի նաև նրանց կողմից պարտադրված մշակութային միջավայրը: Սրա արդյունքում մենք պետք է հասնենք այնպիսի մի իրավիճակի, երբ «գողական» մշակույթն այլևս նորաձև ու արդիական չի լինի, երբ մարդիկ այլևս կդադարեն համակրել ու հերոսացնել «քրեական հեղինակություններին: Փաստորեն խնդիրն առաջին հերթին մշակութային է, և սրանից ելնելով մոտեցումն էլ պետք է մշակութային լինի:
Ասվածի համատեքստում անհրաժեշտ է նկատել, որ մշակութային միջավայրի չեզոքացման գործընթացը երբևէ չի կարող արդյունավետ լինել, եթե չի առաջարկվում դրա այլընտրանքը: Կա՞ արդյոք այդպիսի այլընտրանք: Իմ համոզմամբ՝ ոչ միայն չկա, այլ նաև որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում դրա ձևավորման համար:
Թվում էր, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նաև մշակութային հեղափոխություն էր, բայց, ցավոք սրտի, իրականությունն ու մեր ակնկալիքները չափազանց հեռու են ու անհամապատասխան: Հեղափոխական իշխանությունները ոչ մի քայլ չձեռնարկեցին մշակութային հեղափոխություն իրականացնելու համար, ավելին՝ վերարտադրեցին հինը: Նրանք ոչինչ չարեցին նոր որակի մարդ ձևավորելու ուղղությամբ՝ հույսերը դնելով մարդու արդեն իսկ մաշված ու արատավորված մոդելի վրա, որի գիտակցական տարածությունը ողողված է իրավական նիհիլիզմով, քրեական մտածողությամբ ու գավառական հայրենասիրությամբ: Իսկ եթե չկա մշակութային հեղափոխություն, ապա չի կարող ձևավորվել նաև արժեքային միջավայրի այլընտրանքը:
Քաղաքացու և քաղաքացիական գիտակցության մասին ճառերն իհարկե դրական ազդեցություն ունեն, բայց ամենն այդ քիչ է: Քաղաքացին բարդ ստեղծագործություն է, և դժվար թե հնարավոր լինի զուտ ճառերի շնորհիվ մարդու նոր տեսակ ստեղծել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: