Շատերին է ծանոթ այն պնդումը, ըստ որի ավագ երեխաները ավելի պատասխանատու և ինքնուրույն են, մինչդեռ միակ երեխաները հակված են եսակենտրոնության: Սակայն քչերի գիտեն, որ սրանք պարզապես կարծրատիպեր չեն. իրականում, երեխաների ծնվելու հերթականությունն ազդում է նրանց բնավորության վրա:
Ձեզ ենք ներկայացնում թեմայր վերաբերյալ կատարված գիտական հետազոտությունների արդյունքները, որոնք միանշանակ կզարմացնեն Ձեզ։
Ծնվելու հերթականության թեորիան ծագել է դեռևս 1920-ականներին: Այն առաջ է քաշել Ալֆրեդ Ադլերը՝ Զիգմունդ Ֆրեյդի ընկերն ու կոլեգան: Ադլերը հավատացած էր, որ այն հերթականությունը, որով երեխան ծնվում է ընտանիքում, անքակտելիորեն ազդում է նրա մարդ տեսակի ձևավորման վրա:
- Ավագ երեխա. Համաձայն Ադլերի՝ ավագ երեխան հակված է լինել պահպանողական, իշխանության ձգտող և օժտված է առաջնորդի հատկանիշներով: Քանի որ նրանք մանկուց հոգ են տանում իրենց կրտսեր քույր/եղբայրների մասին, ավագ երեխաները մեծանում են ավելի հոգատար և ավելի պատրաստակամ են լինում ծնող դառնալու հարցում:
- Միջնեկ երեխա. այս երեխաների համար ավագ եղբայր/քույրը, այսպես ասած, «տեմպ սահմանող» է: Միջնեկ երեխաները շարունակ փորձում են գերազանցել ավագներին: Նրանց զարգացումն ավելի արագ է ընթանում: Միջնեկ երեխաները հակված են ամբիցիոզ լինելուն, սակայն եսասեր չեն: Նրանք հաճախ չափից դուրս մեծ և անհասանելի նպատակներ են դնում իրենց առջև: Սա հանգեցնում է բազմաթիվ անհաջողությունների, սակայն անհաջողություններին դիմակայելը կոփում է նրանց:
- Կրտսեր երեխա. որպես կանոն՝ կրտսեր երեխաները մանկուց չափից դուրս շատ ուշադրություն և հոգատարություն են ստանում թե՛ ծնողների և թե՛ ավագ քույրերի/եղբայրների կողմից: Այդ իսկ պատճառով նրանք պակաս փորձառու և ինքնուրույն են: Այնուամենայնիվ, նրանք հաճախ հակված են գերազանցելու իրենց ավագ քույր/եղբայրներին: Պատմությանը հայտնի են բազմաթիվ կրտսեր երեխաներ, որոնք ամենաարագ ատլետներն են, լավագույն երաժիշտները և ամենատաղանդավոր նկարիչները: Կրտսեր երեխաները շատ շփվող են և հաճախ անպատասխանատու են:
- Միակ երեխա. չունենալով ո՛չ քույր, ո՛չ եղբայր, ում հետ կարող էր մրցակցել, միակ երեխան հաճախ մրցակցության մեջ է մտնում սեփական հոր հետ: Բամբակների մեջ մեծացած այս երեխաները նույն հոգատար և հիացական վերաբերմունք են ակնկալում նաև անծանոթներից: Եսակենտրոնությունն ու տատանողականությունը այս երեխաներին բնորոշ գծերից են: Միակ երեխաները հիմնականում դժվարություններ են ունենում հասակակիցների հետ շփման հարցում: Այս երեխաները հակված են պերֆեկցիոնիստ լինելու և ամեն գնով հասնում եմ իրենց նպատակներին: Միակ երեխաներն իրենց բնավորությամբ և տեսակով շատ նման են ավագ երեխաներին:
Ինչպե՞ս է այս ամենն ազդում IQ-ի վրա
Այս հարցը մեծ տարաձայնությունների առիթ է հանդիսանում: Մի մասը առհասարակ ժխտում է ծնվելու հերթականության թեորիան, մյուսները՝ լիովին վստահ են դրա ճշմարտացիություն վրա: Լայպցիգի և Յոհանես Գուտենբերգի համալսարանների (երկու համալսարաններն էլ Գերմանիայում են) հետազոտողները հետազոտել են շուրջ 20000 չափահասի ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ավագ երեխաները ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում IQ թեստերում:
Ինչպե՞ս է այս ամենն ազդում մեր բնավորության վրա
Մեկ այլ հետազոտություն ապացույցներ է ներկայացնում, որ ծնվելու հերթականությունը ազդում է մեր բնավորության ձևավորման վրա: Հետազոտողները վերլուծել են ԱՄՆ-ի շուրջ 337000 ավագ դպրոցի աշակերտների բնավորությունը:
Նրանք պարզեցին, որ ավագ երեխաները ավելի ազնիվ և դոմինանտ են, սակայն պակաս շփվող են և սթրեսակայուն չեն: Միջնեկները ավելի բարեխիղճ և ջանասեր են: Կրտսերները ավելի բաց և շփվող են: Միակ երեխաները ավելի նյարդային են, սակայն բավականին շփվող են:
Ծնվելու հերթականությունն իրո՞ք կարևոր է
Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ այսպիսի հետազոտությունները բավականին շատ բացթողումներ ունեն. հաշվի չեն առնվում էթնիկական գործոնները, ներընտանեկան փոխհարաբերությունները, դաստիարակությունը, ընտանիքի ֆինանսական վիճակը և այլն: Այսպիսով, այո՛, ծնվելու հերթականությունը որոշակի ազդեցություն ունենում է մարդու բնավորության վրա, սակայն հարկավոր չէ կուրորեն հավատալ սրան: