«Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին ընդունել է Հայաստան-Իրան առևտրային պալատի ներկայացուցիչներին, քննարկելով երկկողմ տնտեսական հարցեր, նաև ԵՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին առնչվող թեմաներ:

Այդ հարցերի շուրջ հայ-իրանական օրակարգը վաղուց հայտնի է և դրա կարևորության մասին խոսելը, այլևս, երևի թե ավելորդ է, և բոլորը սպասում են կոնկրետ արդյունքների և առաջընթացի՝ թե՛ երկկողմ, թե՛ ԵՏՄ-Իրան տիրույթում, ինչը կբխի նաև Հայաստանի շահից: Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի ունեցած հանդիպումը, սակայն, հետաքրքրություն է ներկայացնում մի ուշագրավ հանգամանքի ֆոնին:

Մոտ մեկ ամիս անց Հայաստանում տեղի կունենա ԵՏՄ Վեհաժողովը, որին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Առայժմ պարզ չէ՝ ընդունվե՞լ է հրավերը, թե՞ ոչ, կգա՞ Իրանի նախագահը ԵՏՄ երկրների ղեկավարների հետ Հայաստան: Իսկ կգա՞ն ԵՏՄ ղեկավարները Հայաստան, գիտենալով Իրանի նախագահի հնարավոր մասնակցության մասին, ինչը աննախադեպ նշանակալիություն է հաղորդելու Հայաստանում տեղի ունեցող ԵՏՄ Վեհաժողովին: Այս քաղաքական, այսպես ասած, ինտրիգներից զատ, խնդիրը, սակայն, ունի նաև հենց զուտ տնտեսական-օրակարգային համատեքստ, և մեծ հավանականությամբ Իրանի նախագահի մասնակցությունն ու Երևանում ԵՏՄ Վեհաժողովի այդօրինակ նշանակալիությունը կախված է նաև հանգամանքից, թե ի՞նչ առարկայականություն կարող է լինել հավաքի օրակարգում, այդ թվում՝ Իրանին հետաքրքրող՝ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական և, թերևս, առաջին հերթին տնտեսական: Որովհետև քաղաքական շփումների տեսանկյունից Թեհրանը թերևս չունի երևանյան համաժողովից օգտվելու սուր անհրաժեշտություն: Այլ կերպ ասած, Իրանի նախագահը ԵՏՄ Վեհաժողովի առիթով Հայաստան կգա շատ կոնկրետ տնտեսական օրակարգի պարագայում և այստեղ հարց է, թե արդյոք Երևանին կհաջողվի՞ ձևավորել դա:

Ուղիղ իմաստով, իհարկե, էկոնոմիկայի նախարարի և Հայաստան-Իրան առևտրի պալատի ներկայացուցիչների հանդիպումը գուցե թելադրված չէր այդ շարժառիթով, սակայն պետք է ենթադրել, որ այն կարող է Երևանի համար լինել իրանական տրամադրությունները և սլաքները ճշտելու ևս մեկ հնարավորություն՝ ԵՏՄ համաժողովից մեկ ամիս առաջ հավաքի օրակարգային նրբերանգները վերջնականապես հստակեցնելու և ամփոփ տեսքի բերելու, ըստ այդմ՝ Իրանի նախագահի մասնակցությամբ ԵՏՄ երևանյան Վեհաժողովի աննախադեպ իրողության հասնելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել