Ազատության հրապարակում շարունակվում է Նախախորհրդարանի հանրահավաքը: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում դաժան ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը:
Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների առաջին պաշտպան, Նախախորհդարանի անդամ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ աշխատանքի բերումով բազմիցս առնչվել է մահվան ու խոշտանգման դեպքերի: Տեսել է գերիների, որ կտտանքների էին ենթարկվել Ադրբեջանում, և խեղված ճակատագրերի պատմություններ գիտի, որոնց մասին դժվար է խոսել: Սակայն, նրա խոսքով, ամենասարսափելի հոգեկան ցավն ապրում են այն մարդիկ, ովքեր խոշտանգումների են ենթարկվում իրենց հայրենիքում, իրենց հայրենակիցների կողմից:
Ալավերդյանը շեշտեց, որ իր հայրենիքում իր հայրենակիցների կողմից ծեծի ենթարկվեց նաև Վահե Ավետյանը, և կոչ արեց երբևէ չհամակերպվել անարդարությանն ու չենթարկվել այն համակարգին, որում ոմանք իրենց հայրենակիցներին բռնության են ենթարկում:
Նշենք նաև, որ որ վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 19:00-ին, «Հարսնաքար»-ի մոտ ի հիշատակ Վահե Ավետյանի տեղի է ունենալու մոմավառություն: