ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։

Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։

Հիշեցնենք, այսօր ժամը 15:47-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

ԱԻՆ հաղորդմամբ, ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել