Մի հետաքրքիր անեկդոտ կա, ավելի ճիշտ միգուցե իրականությունից մնացած իրական մի պատմություն: Աղջիկը, ճանապարհելով սիրած տղային բանակ, նվիրում է իր նկարը, իսկ 6 ամիս անց նամակ է գրում. «Ես ուրիշի եմ հանդիպել, հասկացիր ինձ ու խնդրում եմ վերադարձրու նկարս»: Տղան, հավաքելով իր զինծառայող բոլոր ընկերների ընկերուհիների լուսանկարները, մի երկտողի հետ ուղարկում է արդեն նախկին ընկերուհուն: Չեմ հիշում, թե դու որ մեկն ես, ինքդ ընտրի, իսկ մնացած նկարներն էլի հետ ուղարկիր ինձ: Բանակում տղաների դեմքից կարող ես հասկանալ, թե նրանից ով ունի սիրած աղջիկ: Այն միտքը, որ նրան սպասում են, ջերմացնում է հոգին, երբեմն անհանգստացնում, թե արդյո՞ք կսպասի: Քանի քանիսն են չդիմանալով կարոտին ու սպասումներին դիմել փախուստի` գոնե մի քանի րոպեով տեսնելու համար սիրելի աղջկան ու խնդրել սպասել մի փոքր էլ: Ամենադժվարը բանակի վերջին օրերն են... Որքան մոտենում է վերադարձի պահը, այնքան զինվորը դառնում է անհանգիստ ու անհամբեր: Բայց մեկ է, եթե զինվորին սպասում է սիրած աղջիկը, ապա ծառայությունն ընթանում է արագ, նա գիտի, որ տանն իրեն սպասում է իր սիրելին, զգում է մեծ պատասխանատվություն իր վարքի համար: Ասածս ինչ է, սիրելի աղջիկներ, ուզու՞մ եք ծառայել ու օգնել բանակում ծառայող մեր տղաներին: Կարող եք: Ուղղակի սիրեք նրանց ու մի փոքր սպասեք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել