«Երևան բրենդ» նախագծի շրջանակում հունիսի 28-ին` ժամը 17:00-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Երեք սուզորդների» հարթակում յոթ նկարիչ` յուրաքանչյուրը մեկ գույնով մեկ ընդհանուր կտավի վրա կպատկերի իր «Երազանքի Երևանը»: Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, միջոցառումը կանցկացվի «Կերտում ենք Երևանը» խորագրով:
Նախագծին մասնակցում են մայրաքաղաքի արվեստագետ հասարակությանը հայտնի ներկայացուցիչներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նւռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի լարային քառյակը:
Նախագծի իրականացման արդյունքում ստեղծված «Երազանքի Երևանի» խորհրդանշական պատկերը հետագայում կարող է ունենալ տարբեր կիրառումներ, այդ թվում` ինչպես ինքնատիպ դրսևորում քաղաքային միջավայրում, որը ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ երևանցիների և Երևանի հյուրերի համար, այնպես էլ իր մշտական տեղը զբաղեցնել մայրաքաղաքի դիտարժան կամ ներկայացուցչական որևէ վայրում:
«Երևան բրենդ» նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, «INSTID» ընկերության ներկայացուցիչ «Մաևտիկա» բրենդինգային գործակալության և «INSTID»-ի բրիտանացի հրավիրյալ փորձագետների կողմից: