Սեռով պայմանավորված՝ հղիության ընդհատումների թվով Հայաստանն աշխարհում երրորդ երկիրն է՝ Չինաստանից ու Ադրբեջանից հետո, և առաջինը որոշ բնակավայրերում՝ Շիրակում ու Գեղարքունիքում: 2011 թվականին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնած հետազոտության արդյունքում Հայաստանում շեղվել է նորածինների սեռային հարաբերակցությունը՝ 2012-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց, մինչդեռ բնականոն է համարվում 106 տղա 100 աղջիկ հարաբերակցությունը: Շեղումը նկատվում է 1990-ականներից:

«Մեզ մոտ միջին թիվը վեց է, քաղաքներում՝ չորս, գյուղերում տասը գերադասում են տղա երեխա ունենալ»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: 

«Վերջին տասը տարում յուրաքանչյուր տարի արտագաղթի հետևանքով կորցնում ենք բնակչության մեկ տոկոսը»,- ավելացրեց նա: 

Մանկաբարձ գինեկոլոգ Մերի Թադևոսյանն առաջարկում է մինչև քսան-քսանմեկ շաբաթական հղիության դեպքերում չհայտնել պտղի սեռը: Սակայն ի պատասխան սրան՝ Գարիկ Հայրապետյանն ասաց, որ ոչ մի երկրում աբորտի արգելումը չի բերել ծնելիության աճի: Նրա կարծիքով՝ դա կբերի կոռուպցիայի, կտեղափոխվի ընդհատակ, կավելանա մայրերի մահվան քանակը: «Եթե հիմա հինգ հազար են վերցնում նայելու համար, տասնհինգ հազար կվերցնեն՝ կասեն սեռը»,- ասաց Գարիկ Հայրապետյանը: 

«Պետությունը տալիս է անվճար ծննդաբերության սերտիֆիկատներ: Բայց առանձնապես մեծ բան չփոխվեց: Միայն անվճար ծննդաբերելով՝ կինը չի կարող զերծ մնալ մնացած հոգսերից»,- նկատեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձական բաժնի վարիչ Մերի Թադևոսյանը: Նա նշեց նաև, որ դեղատներից շատ հեշտ, առանց բժշկի հետ խորհրդակցելու, բավարարվելով միայն դեղատան աշխատակցի խորհրդով կանայք ձեռք են բերում դեղեր, որոնցով կարելի է դադարեցնել հղիությունը: Մերի Թադևոսյանը խորհուրդ է տալիս հղիությունը դադարեցնելու դեպքում գոնե դա կատարել բժշկի միջամտությամբ, ոչ թե տնային պայմաններում: 

Ազգային վիճակագրության և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն էլ փաստեց, որ մեկ կինն ունենում է 1.6 երեխա. սա չի ապահովում պարզ վերարտադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել