Սիրիան ազատվել է եվրոյի ու դոլարի կախվածությունից՝ շնորհիվ նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգին աջակցող Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի արժույթների, բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում ասել է Սիրիայի՝ տնտեսական հարցերով փոխվարչապետ Կադրի Ջամիլը։ Ջամիլի խոսքով՝ այս երեք երկրները ընդհանուր Սիրիային հատկացնում են ամսական $500 մլն՝ փոխառությունների, սննդամթերքների և նավթամթերքների տեսքով։
ԽՍՀՄ-ում կրթություն ստացած փոխվարչապետը հայտարարել է, որ Սիրիան «անսահմանափակ վարկ» ունի Իրանի հետ՝ սննդամթերքների և նավթամթերքների մատակարարումների տեսքով։ Դամասկոսը, կարծում է նա, ուղղել է իր նախաճգնաժամյան սխալը և դադարել է օգտագործել արևմտյան արժույթները փոխհաշվարկներում՝ հենվելով ռուբլու, յուանի ու ռիալի վրա։ «Առկա է այս երեք արժույթների՝ սիրիական ֆունտի ուղղակի փոխակերպում, մենք այդպիսով դուրս ենք եկել եվրոյի և դոլարի արատավոր շրջանից»,- հայտարարել է Ջամիլը։ Փոխվարչապետը պատմել է նաև, որ ռուսական դրոշով նավերը նավթամթերքներ են հասցնում կառավարության կողմից վերահսկվող ափ․ «Բացառված չէ, որ դրանց վրա որևէ մեկը կհարձակվի»։
Ջամիլը Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային մեղադրել է Սիրիայի դեմ տնտեսական պատերազմ վարելու և ազգային արժույթն անմիջականորեն թուլացնելու մեջ․ նրանք իբրև հեղեղում են հարևան Հորդանանն ու Լիբանանը սիրիական ֆունտով։ Ուղղակի ապացույցներ նա չի ներկայացրել, սակայն ասել է, որ պատմականորեն գաղութարարները հենց այսպես են գործել։ Կադրի Ջամիլի խոսքով՝ Սիրիան՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ համագործակցությամբ, պատրաստվում է «տնտեսական հակահարձակման»՝ սիրիական ֆունտի փոխարժեքը մինչև 100 ֆունտ/$1-ի նվազեցնելու նպատակով։
FT-ն նշում է, որ սիրիական ֆունտի փոխարժեքի դինամիկան հաստատում է արտաքին աջակցության վարկածը․ չնայած ազգային տնտեսության ամբողջական ոլորտներ ոչնչացրած ռազմաքաղաքական ճգնաժամի ավելի քան երկու տարվան՝ սիրիական արժույթը նախաճգնաժամային 45 ֆունտ/$1-ից թուլացել է դանդաղ՝ անկումն արագացնելով և 200 ֆունտ/$1-ի հասնելով ընդամենը մի քանի շաբաթ առաջ։
Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է նվազագույնը 93 հազ․ մարդ։