Կաթնամթերքի շուկայում շեշտակի թանկացումները շարունակվում են, սակայն սպառման նվազում չի նկատվում: Կաթնամթերքի իրացման շղթայի ներկայացուցիչները eMedia.am-ին բացատրում են, որ այս տարի աննախադեպ երևույթներ են նկատվում: Թանկացումները փաստում է նաև վիճակագրությունը: Ըստ հունիսի 28–ի հրապարակված Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. հունիսին 2012թ. հունիսի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 10.1% գնաճ, ընդ որում` 2012թ. դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 9.1%, իսկ 2013թ. մայիսի համեմատ` 2.0%: 2013թ. հունիսին մայիսի համեմատ յոգուրտի գինն աճել է 2.6%-ով, թթվասերինը` 4.0%-ով, թարմ կաթինը` 6.3%ով, մածունինը` 6.0%-ով, կաթնաշոռինը` 6.3%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2013թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է կաթնամթերքի` 0.9-6.0% գնաճ: Որտե՞ղ է թաքնված «շան» գլուխը: «Մենք կաթի գինը բարձրացրեցինք իներցիայով` ցածր յուղայնության պատճառով, 130 դրամի փոխարեն կաթի մեկ լիտրը վաճառում ենք 160–170 դրամ»,–նշում է Ազատավան գյուղի բնակիչ տիկին Ալվարդը, ով կաթ է հանձնում տեղական ընկերություններից մեկին: «Ամեն ինչը կարա թանկանա, կաթը` չէ՞, թե՞ որ գյուղացի ենք, չենք կարա մեր ապրանքը գինը մենք որոշենք։ Ալյուրը թանկանում ա, պեսոկը թանկանում ա, ուղղակի պետք ա համակերպվել, որ կաթն էլ կարա թանկանա»,–հիմնավորում է տիկին Ալվարդը` բացատրելով կաթի թանկացումը անասնակերի ու տեղափոխման ծախսերի թանկացմամբ: Թեև սեզոնայնությամբ պայմանավորված անասնակերի խնդիրը գնալով լուծվում է, կաթի մթերման գինը շարունակում է մնալ գյուղացիների նշած սանդղակում։ eMedia.am-ի հարցմանն ի պատասխան «Աշտարակ–Կաթ» ընկերությունը հայտնել է, որ այս պահին մեկ լիտր կաթը մթերվում է 160 դրամով: Ըստ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի` մայիսի վերջին կաթի մթերման գինը բարձրացրել են 20–30 դրամով: «Ելնելով կաթի արտադրության խիստ սեզոնայնությունից (կաթի մոտ 70%-ը արտադրվում է 4-5 ամսում, իսկ մնացած 30%-ը` 7-8 ամսում)` ամառվա ամիսներին մթերվող կաթի առաջարկը շատանում է, գինը` նվազում: Սակայն այս տարի հումքի շուկայում նման միտում չկար, այսինքն՝ ձմեռային սեզոնին բարձրացած գինը նույնությամբ պահպանվել էր: Սա աննախադեպ երևույթ էր, քանի որ կաթի ձմեռային սեզոնի գինը չի կարող նույնությամբ պահպանվել նաև ամառային շրջանում»,–ասվում է ընկերության պարզաբանման մեջ։ Նշենք նաև, որ որոշ գյուղացիական տնտեսություններ, որոնք անհատապես են իրացնում իրենց կաթը, սահմանում են մեկ լիտրի դիմաց մինչև 300 դրամ։ Ամփոփելով վերջին երեք տարիների դինամիկան` մթերվող կաթի միջին տարեկան գինը բարձրացել է մոտ 30%-ով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ կաթի պահանջարկի աճը հանգեցրել է գնվող հումքի գների շուրջ 40% բարձրացմանը: Արտադրողից` խանութ «Աշտարակ–Կաթի» 100-գրամանոց թթվասերի բացթողման գինը կազմում է 110 դրամ` ներառյալ ԱԱՀ, իսկ վաճառակետերում վաճառքի գինը միջինում տատանվում է 120-130 դրամի սահմաններում՝ կախված տվյալ վաճառակետի տարբերությունից: ՏՄՊՊՀ–ի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ սուպերմարկետներում մեկ-երկու ընկերության թթվասերը, մածունը, կաթը էժանացրել են 10 դրամով։ Միջին և փոքր առևտրի կենտրոններում կաթնամթերքի գների այդ իջեցումը նկատելի չէ, ավելին՝ փոքր կրպակներում վերոնշյալ 120-դրամանոց թթվասերը դարձել է 130 դրամ։ Որևէ տրամաբանական պատասխան այն հարցին, թե ինչու է գների աճին զուգահեռ աճում պահանջարկը, և ինչու չկա հստակ վերահսկողություն փոքր ու միջին խանութներում կաթնամթերքի գների վերաբերյալ, մեզ ստանալ չհաջողվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել