Արարատյան հայրապետական թեմը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հունիսի 27-ին Hetq.am կայքի հրապարակած «Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով»հոդվածին, որը «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի շարունակությունն է:
Տարածված հայտարարությունում մասնավորապես ասված է. «Hetq.am կայքում նախօրեին տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և Աշոտ Սուքիասյանը 2010թ. հանդիպել են գործարարներ Ռուբեն Մկրտչյանին, Սերգեյ Տրյուկազյուկին, Ալեքսանդր Վալչիկովսկին, միասին ճաշել «Նոյան տապան» ռեստորանում, իսկ այնուհետև Ռուբեն Մկրտչյանը անգամ ուղեկցել է Աշոտ Սուքիասյանին և Նավասարդ արք. Կճոյանին օդանավակայան: Այս մասին իր հարցազրույցում նշել է ինքը՝ Ռուբեն Մկրտչյանը:
Սրբազանը հայտարարում է, որ վերոնշյալ տեղեկատվության և ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանն ու հանդիսանում է նախկինում հնչող զրպարտությունների շարքի տրամաբանական շարունակությունը:
Արարատյան հայրապետական թեմը կոչ է անում հասարակությանը չտրվել միտումնավոր տարածվող նմանատիպ ապատեղեկատվությունների ազդեցությանը»:
«Հետքը» սկանդալային հետաքննական հոդված էր հրապարակել, որտեղ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արք. Կճոյանի (Սամվել Կճոյան) անունները կապված են օֆշորային մի գործարքի հետ, որի արդյունքում սնանկացել է գործարար Փայլակ Հայրապետյանը:
Օֆշորային սկանդալում ներգրավված Նավասարդ Կճոյանը ավելի վաղ կրկին հերքել էր իր մասնակցությունը օֆշորային գործարքին: