Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն արձագանքել են Մոսկվայում գտնվող «Արմենիա» («Հայաստան») խանութ-սրճարանը բոյկոտելու ընդդիմադիրների կոչերին, գրում է «ՌուսԱրմինֆո»-ն:
Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ընդդիմադիրներին և իր աջակցությունը հայտնել հաստատությանը՝ նշելով, որ այնտեղ հիմնականում հայեր են այցելում, որոնք կարոտում են հայկական ուտելիքները:
«Մի գաղտնիք բացեմ. «Արմենիա» խանութ են այցելում հայրենիքի ուտելիքները կարոտող հայերը։ Եվ դա նույնիսկ ես էլ չեմ, քանի որ ես Հայաստանում երկու անգամ մի քանի օրով եմ եղել և տեղական սննդին կարոտել չեմ կարող։ Իսկ «Արմենիա» են գնում այն հայերը, որոնք պետք է ճաշի համար մածուն, բլղուր և այդպիսի բաներ գնեն, որոնք սիրում է իմ սկեսուրը»,- Telegram-ում գրել է Սիմոնյանը:
Վլադիմիր Սոլովյովը նույնպես «կանգնել» է հայերի կողքին՝ նշելով, որ ընդդիմադիրների որդեգրած մեթոդները գալիս են արտասահմանից, և որ դրանք պարզապես «ծիծաղելի» են:
Մոսկովյան «Արմենիա»-ն հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սեփականատերերը հայց էին ներկայացրել «հանուն արդար ընտրությունների» չհամաձայնեցված ակցիայի կազմակերպիչների դեմ, որն անցկացվել էր հաստատության անմիջական հարևանությամբ, և որի պատճառով հաստատությունը ստիպված էին եղել փակել: Գործարարներն ակցիայի կազմակերպիչներից պահանջում են 550 հազար ռուբլի փոխհատուցում: