Մարդու մարմինը կազմված է ավելի քան 200 ոսկորներից, մի քանի տրիլիոն մանրէներից և 37 տրիլիոն բջիջներից։ Եվ չնայած որ մենք մահը համարում ենք կյանքի վերջ, մեր մարմինը դրանից հետո շարունակում է երկար ճանապարհ անցնել։

Մահից մի քանի րոպե անց մահանում է ուղեղը։ Երբ սիրտը դադարում է բաբախել, դադարում է արյունահոսությունը, որը թթվածինը տեղափոխում է օրգաններ և հյուսվածքներ։ Այս կերպ՝ առանց արյան, առավել ակտիվ ու թթվածին շատ կլանող օրգանները և հյուսվածքները մահանում են առաջինը։ Բջիջները, որոնցից կազմված են այս օրգաններն ու հյուսվածքները, 70%-ով կազմված են ջրից։ Առանց թթվածնի, որը ապահովում է նրանց կյանքով, բջիջներն ինքնաոչնչանում են։

Աղիներում սկսվում է խուճապային գործընթաց։ Մահացող իմունային համակարգը այլևս չի կարողանում զսպել տրիլիոնավոր քաղցած մանրէներին, որոնք սովորաբար օգնում են մարսել սնունդը։ Եվ նրանք աղիներին ներքին հատվածից ներթափանցում են հյուսվածքներ, երակներ և անոթներ։

Մի քանի ժամ անց նրանք հասնում են լյարդին և լեղապարկին, որոնք պարունակում են դեղնականաչավուն լեղի՝ նախատեսված կյանքի ընթացքում ճարպերի ճեղքման համար։ Սակայն այն բանից հետո, երբ մանրէները հասնում են նաև այս օրգաններին, լեղին տարածվում է ողջ օրգանիզմում՝ ներկելով մարմինը դեղնականաչավուն գույնով։

Երկրորդ օրվանից մինչև չորրորդը մանրէներն արդեն տարածվում են ամենուր։ Նրանք թունավոր գազեր են արտադրում, ինչպես նաև ամոնիակ և ջրածնի սուլֆիդ, որոնք մարմնին ստիպում են ոչ միայն փքվել, այլև տհաճ հոտ արձակել։

Երեք կամ չորս ամիս անց դեմքի դեղնականաչավուն գույնը վերափոխվում է մուգ շագանակագույնի, քանի որ արյունատար անոթները այն աստիճանի են փտած լինում, որ դրանց մեջ գտնվող երկաթը թափվելով՝ օքսիդանում է և դառնում սև-շագանակագույն։ Մոլեկուլյար կառույցները, որոնք բիջները միասին են պահում, քանդվում են, որի հետևանքով էլ հյուսվածքները ոչնչանում են ջրային զանգվածում։

Մեկ տարի անց քայքայվում է հագուստը՝ օրգանիզմի թթվային հեղուկների ու թույների պատճառով։ Պահպանվում են միայն նեյլոնե թելերը։ Տասնամյակ անց, խոնավության բավարար մակարդակի պայմաններում, քիչ քանակությամբ թթվածին պարունակող խոնավ միջավայրը քիմիական ռեակցիա է առաջացնում, որը ճարպը վերածում է օճառանման զանգվածի, որին անվանում են գերեզմանի մոմ։

Մյուս կողմից՝ առավել չոր պայմանների դեպքում բնական մումիֆիկացիա է կատարվում։ Ոչ մի քիմիկատներ կամ սարսափելի գործիքներ դրա համար չեն պահանջվում։

50 տարի անց հյուսվածքները հեղուկանում են և անհետանում՝ իրենց հետևից թողնելով մումիֆիկացված մաշկ և չորացած ջիլեր։ Վերջիվերջո դրանք ևս քայքայվում են։ 80 տարի անց ոչնչանում և կոտրվում են ոսկորները, քանի որ դրանց մեջ գտնվող փափուկ կոլագենը քայքայվում է։

Հարյուր տարի անց վերջին ոսկորները վերածվում են փոշու։ Մնում է միայն մարմնի ամենաամուր մասը՝ ատամները։ Գերեզմանում հավետ մնում են ատամները, գերեզմանի մոմն ու նեյլոնե թելերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել