«Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ծիրանը վրացի ձեռներեցներն արտահանում են»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Սամվել Ավագյանը:

Նա նաև փոխանցեց, որ վրացիները գնում են ծիրանը 100-200 դրամով` կախված որակից, և, քանի որ այս տարի ծիրանի բերքը շատ է, ծիրանները մանր են, «քաղելով չի պրծնում»: «Մի տեղ կարկուտ ա խփում, մի տեղ ծիրանը շատ ա».- կատակեց նա:

Իսկ թե նախկինում ինչո՞ւ վրացական մեքենաներ չէին գալիս համայնք, համայնքապետը չգիտի:
Որոշ գյուղացիներ բողոքում էին, որ վրացական մեքենաներին չեն թողնում միրգը տանել, այդ իսկ պատճառով «վրացիք չեն գալիս»:

«Մեկը եկել 500 դրամով ուզում էր ամենալավ ծիրանը առներ, բայց մենք էդքան լավը չունենք, իրենք ուզում են էնպիսի ծիրան, ոնց որ Արտաշատինն ա, բայց մերը մանր ա»,- ասաց համայնքապետը:

Համայնք ունի 80 հա ծիրանի, 120 հա դեղձի, 60 հա սալորի, 120 հա խաղողի տարածքներ:
Հատկապես խաղողից Սամվել Ավագյանը մտահոգություն չունի, նշեց, որ խաղողը ամեն տարի մթերվում է, դեղձը առևտրականները կտանեն, սալորի հետ կապված ևս մտահոգություն չկա` կիրացվի:

Հարցին, արդյոք համայնքի տարածքում կա՞ հակակարկտային կայան, նշեց, որ իրենք երրորդ գոտում են գտնվում, չունեն: «Երրորդ զոնան պաշտպանված է` կրակում են մինչ Խանջյան համայնք ամպերի հասնելը: Աստծու աչքը այս տարի մեր վրա էր»,- ասաց Սամվել Ավագյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել