Ամուլսարի հանքավայրի շուրջ կրքերն այնպես են բորբոքվել, որ այն իշխանությունների փորձաքար հանդիսանալուց այլևս թևակոխել է ցուգցվանգի փուլ․ ինչ քայլ անես, ի վնաս քեզ է, եթե ոչինչ չանես, ժամանակդ կսպառվի ու կպարտվես։ 
Թույլատրել հանքի շահագործումը, այդ դեպքում՝ ինչո՞ւ արգելեցիք, կամ ինչո՞ւ նման խիստ բնապահպանական պահանջներ չներկայացրեցիք մյուս հանքերին։ Փակելը պատճառաբանել նախկինների կողմից խախտումներով թույլատրությանը, նորից հարց է ծագում՝ ինչո՞ւ մյուս հանքերի մասով էլ կասկածի տակ չդրվեց նախկինների թույլավությունը։ Եթե այսօր միջազգային փորձաքննությունը դրական եզրակացություն է տվել, իսկ դա նշանակում է, որ նախկին իշխանությունների ժամանակ էլ էր դրական, ապա ի՞նչ իմաստ ուներ այսքան ժամանակ հարկային մուտքերի կորուստներ ունենալ, երբ սա ոչ միայն բյուջեին է հարվածել, այլ առաջին հերթին մեր միջազգային հեղինակությանը։ Երբ միաժամանակ հարձակում ես գործում ու խոչընդոտներ առաջացնում ամերիկյան «Լիդիանի», ԵՄ անդամ ֆրանսիական «Վիոլայի», Մերձավոր Արևելքի լիբանանյան «Սանիթեքի», ու նաև ռուսական մի քանի ընկերությունների դեմ, ինչի արդյունքում այլևս ողջ աշխարհը գիտի, որ մեր երկրում օտարերկրյա ներդրումները ոչ միայն չեն խրախուսվում, այլ ներդրողներին հալածում են, այդ դեպքում երբ ի լուր աշխարհի հայտարարում ես, որ եկե՜ք ներդրում արեք, ումի՞ց ես ակնկալում նման զոհաբերություն։ Դրա համար պետք է մոռանաս, որ քաղաքակիրթ աշխարհի հաջողակ բիզնեսմենները կշտապեն մեզ մոտ ներդրում անել, երբ համացանցային տիրույթը ողողված է մեր երկրի մասին բացասական գնահատականներով։ Ստիպված պետք է համագործակցություն ակնկալես աշխարհից կտրված «բեխաբարներից», որոնք ոչ մի ինֆորմացիայի չեն տիրապետում, ու պետք է գնաս նրանց հետ անհատական աշխատանք տանես։ Մասնավորապես․ «սառցե մարդու», Ամազոնի ջունգլիներում քաղաքակիրթ աշխարհի հետ երբևէ չհաղորդակցված հնդկացիների 200 հոգանոց ցեղախումբի, ու քոչվորների մի ցեղախմբի՝ Ալտիպլանո լեռնային բարձրավանդակում՝ Անդերում: Հասկացա՜նք, նրանց կառավարման մակարդակը շատ նման է մեր նոր իշխանությունների մեթոդներին, բայց գան ներդրում անեն, որ մեր մոտ ինչը՞ զարգացնեն։
Ու պետք չէ ակնկալել ներքին ներդրողների ակտիվություն, քանի դեռ ազդարարել ես, որ եկամուտների ու գույքի մասով չի գործում անմեղության կանխավարկածը, այլ առաջնորդվում ես ապօրինի հարստացման կանխավարկածով, ու ցանկացածին կարող ես ասել՝ հիմնավորի՜ր, թե այս միջոցներդ քեզ որտեղից։ Այդ դեպքում առանց գումարի ծագումը հիմնավորող փաստաթղթի ո՞վ ներդրում կանի, երբ դա կարող է դիտարկվել որպես ինքնախոստովանական ցուցմունք։ 
Լա՜վ, բնապահպանական մանիպուլիացիաներով ընդդիմությունը կարողացավ մեզ մոտ իշխանության գալ անցյալ դարի վերջերին, բայց դառնալով իշխանություն անմիջապես հասկացան, որ պետք է բացել թե՜ Ատոմակայանը, թե՜ «Նաիրիտը», իսկ 21-րդ դարում գաս իշխանության նոր դնես բնապահպանական խնդիր, հետո էլ ինքդ հիմնավորես, որ այդ խնդիրն առկա չէ, երբ ողջ ինֆորմացիային գործի բերումով արդեն տիրապետում ես, սա արդեն ոչ միայն անլրջություն է, այլև անպատասխանատվություն։ Իսկ սա երկար շարունակվել չի կարող, քանի որ մենք գտնվում ենք բարդ տարածաշրջանում, չավարտված պատերազմի պայմաններում, ու մեր ձախողումները միայն մեզ չէ, որ հայտնի են դառնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել