«Այս շաբաթը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ Հայաստան էր ժամանել ռուսական մեծ պատվիրակություն և մենք ունեցանք հայ-ռուսական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խորացման նոր առիթներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով արտաքին քաղաքական վերջին զարգացումներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին տեղեկություններին բանախոսը նշեց, որ Ռուսաստանը աշխարհում միակ զենք վաճառողը չէ և Բաքուն կարող է այս մեկ միլիարդի զենքը գնել նաև այլ երկրներից:
Բաբուխանյանը ասաց, որ ՌԴ-ը Ադրբեջանի հետ թշնամական հարաբերություններ չունի և Մոսկվան ԱՊՀ-ի շրջանակներում հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ և Հայաստանի չի կարող միջամտել որպես 3-րդ կողմ՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններին:
«Ադրբեջանը դավանում է ռասիզմի քաղաքականություն և դա վտանգ է ոչ միայն մեզ համար, այլ նաև ողջ տարածաշրջանի և աշխարհի համար»,-ասաց Բաբուխանյանը:
Անցում կատարելով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման թեմային ՍԻՄ նախագահը նշեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում ստեղծվում են ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, խորանում է ռազմատեխնիակական համագործակցությունը:
Նա նշեց, որ Հայաստանը զուգահեռաբար զարգացնում է հարաբերությունները նաև ԵՄ-ի հետ՝այս շաբաթ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանում էր:
«Լեհաստանը շատ կարևոր, առանցքային երկիր է Եվրոպայում և այդ երկրի հետ հարաբերությունների խորացումը բխում է մեր շահերից»,-ասաց բանախոսը:
Հ. Բաբուխանյանը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վարում է նախաձեռնող արտաքին քաղաքականություն, ինչը բխում է ՀՀ շահերից և այդ քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքները:



